Վեցերորդ գումարման ԱԺ բոլոր պատգամավորները միասին նախորդ տարվա մայիսի 18-ի դրությամբ, այսինքն՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել են 7 մլրդ 431 մլն դրամ, 35.9 մլն դոլար, 10.5 մլն ռուբլի, 7.5 հազար շվեյցարական ֆրանկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները, ասաց փորձագետ Բաբկեն Թունյանը:
Եթե միջոցները վերածվում են դոլարի, ստացվում է, որ բոլոր պատգամավորները միասին ունեն շուրջ 61 մլն դոլարի չափ գումար:
«Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, եթե համեմատում ենք սա նախորդ գումարման ԱԺ պատգամավորների հետ, դրամական միջոցների ծավալը նվազել է: Փոխարենն ավելացել է փոխառությունների ծավալը: Այսինքն՝ գնալով մարդիկ իրենց գումարը հայտարարագրում են ոչ թե փողով, այլ փոխառություն ձևակերպում են տալիս»,- ասաց նա:
Ըստ Թունյանի՝ վերլուծությունից պարզ է դարձել, որ Հայաստանի պատգամավորները նախընտրում են իրենց գումարը հիմնականում պահել դոլարով: Պատգամավորների 60 տոկոսը հենց դոլարային դրամական միջոցներ ունեն:
Ըստ փորձագետի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի ՀՀԿ խմբակցությունը՝ 15,4 մլրդ դրամին համարժեք գումար բոլոր արժույթներով: Երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 13,9 մլրդ դրամ, ՀՅԴ-ն՝ 189 մլն դրամ և Ելքը՝ 35,5 մլն դրամ:
Մեկ պատգամավորի միջին դրամական եկամուտների հաշվով, սակայն, առաջին տեղում Ծառուկյան դաշինքն է: Եթե ՀՀԿ խմբակցության մեկ պատգամավորի հաշվով միջին գումարը 285,3 մլն դրամ է, Ծառուկյան դաշինքում այդ թիվը մոտենում է 450 մլն դրամի: Դա պայմանավորված է մեկ անձով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած միջոցներով:
Ամենաշատ դրամական միջոցներ հայտարագրած պատգամավորներից առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար, երկրորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 4 մլրդ 249.8 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար գումարով:
Ընդհանուր առմամբ, ըստ Թունյանի, ԱԺ-ում կա թվով 11 դոլարային միլիոնատեր:
Նրանցից 6-ը ՀՀԿ-ից են, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Հայտարարագիր լրացրած 101 պատգամավորից 26-ը հայտարարագրել է զրոյական դրամական միջոց։
Պատգամավորները եկամուտ ստանալու տարբեր աղբյուրներ են նշել, այդ թվում՝ ստացված փոխառություններ, նվիրատվություններ, աշխատավարձ և այլն: Ամենաշատ եկամուտներ հայտարարագրած պատգամավորների հնգյակը հետևյալն է՝ Գագիկ Ծառուկյան, Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան: