Երևանի Ազատության հրապարակում հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Արցախի Անկախության հռչակագրի օրվա առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Ազատության հրապարակում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հրապարակ եկավ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ։ Նրա զրույցը լրագրողների հետ շատ կարճ էր, ասել է` եկել է հանրահավաքին մասնակցելու, այն, ինչ պետք է ասի, արդեն ասել է իր ուղերձում։
Արցախի համար պայքարում բեկում հնարավո՞ր է այս փուլում մտցնել։ Սերժ Սարգսյանը միանշանակ ասել է` իհարկե, հնարավոր է։ Վստահ է` հնարավոր է վերականգնել մսխված թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ռեսուրսի ներուժը, բայց նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։
«Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը լինելու է իր տեղում»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դրանից հետո ինքը մասնակցելու է ՀՀ կառավարության ձևավորմանը, ասել է` ոչ, ձևավորմանը մասնակցություն չի ունենալու, կմասնակցի միայն գործող իշխանությունների հեռացմանը։
ՀՀ 3–րդ նախագահը չի համաձայնվել այն դիտարկման հետ, թե վերջին իրադարձություններից հետո Արցախի` իբրև գործոնի դերակատարումը նվազել է։
«Արցախը միշտ էլ գործոն է եղել, և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կա՛մ շատ մեծացել է, կա՛մ փոքրացել։ Կարծում եմ` հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո՛, Արցախի գործոնն էական հանգամանք է»,– նշել է Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականը կարող է Արցախի համար նոր ճգնաժամ բերել, Սերժ Սարգսյանը նշել է` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հնարավոր է նոր նախագահի ընտրություն։
Նա նաև մեկնաբանել է Եվրոական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, թե Արցախից համարձակ լուծումներ են անհրաժեշտ։
«Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը նորից Արցախից խիզախություն է ակնկալում։
Արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց միգուցե ինքը ուրիշ լուծումներն է խիզախ անվանում, մենք այդպես չենք համարում»,– ասել է ՀՀ երրորդ նախագահը։