Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ։ Մենք ուսումնասիրեցինք, թե ինչպիսի դատաիրավական պատմություն ունեն այդ ուժերի քաղաքապետի թեկնածուները՝ ցուցակների առաջին համարները։ Այսինքն՝ ինչ դատական հայցեր են ներկայացրել նրանք, եւ ինչ հայցեր են ներկայացվել դատարան՝ նրանց դեմ, ինչ գործերով են անցնում նրանք։
Հայաստանի եվրոպական կուսակցության ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ Տիգրան Խզմալյանի դեմ դատական հայց էր ներկայացրել Արդշինբանկը։ Ընկերությունը Խզմալյանից պահանջում էր հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք Խզմալյանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում, իսկ որպես հասցված վնասի փոխհատուցում` 6 մլն դրամի պահանջ էր ներկայացրել պատասխանողին։ Դատարանը, սակայն, բանկի հայցը հետ է վերադարձրել՝ այնտեղ եղած անճշտությունների պատճառով, նոր հայց բանկի կողմից չի ներկայացվել։ Ինքը՝ Խզմալյանը, տարիներ առաջ դատական հայց էր ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ իր մասին հրապարակված տեղեկությունները հերքելու պահանջով, սակայն հետագայում դիմել էր դատարան եւ հրաժարվել հայցից, դատարանն այդ հիմքով կարճել էր հայցադիմումի քննությունը։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի դեմ հայցեր չկան, փոխարենը ինքը մի քանի գործերով տարբեր անձանց դատի է տվել։ Օրինակ, լրագրող Գայանե Առուստամյանին, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել Ֆրանսիայում։ Հայցի առիթն է եղել Գայանե Առուստամյանի մի գրառումը․ «Եթե նմուշի համար արդարադատության հետ հեռավոր աղերս ունեցող մի դատավոր լիներ Հայաստանում, Արտակը դատված կլիներ առնվազն պաշտոնեական դիրքի չարաշահման (ժամանակին որպես առողջապահության փոխնախարար) ու նորածինների սնունդը գողանալու եւ սեւ շուկայում վաճառելու համար»։
Գայանե Առուստամյանն այս գործով որեւէ դիրքորոշում չի հայտնել, սակայն դատարանը մերժել է Զեյնալյանի հայցը։ Վերաքննիչ դատարանը, սակայն, բեկանել է առաջին ատյանի որոշումն ու Արտակ Զեյնալյանի հայցը բավարարել մասնակիորեն, եւ Գայանե Առուստամյանից 500 հազար դրամ բռնագանձելու որոշում է կայացրել․ Զեյնալյանը նախնական հայցում 2 մլն դրամ էր պահանջել: Զեյնալյանը նաեւ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Խորեն Ռաշիդի Ասլանյանի, սակայն այս գործով ողջ տեղեկատվությունը գաղտնիության ներքո է։ Հայտնի է միայն, որ Խորեն Ասլանյանը Նոյեմբերյանից է, եղել է ավագանու անդամի թեկնածու։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Դավիթ Խաժակյանը ԼՀԿ-ի հետ համատեղ 2020 թվականին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լեւոն Զուրաբյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Հայցի պատճառ էր դարձել այն, որ Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտն է։ Հետագայում, սակայն, ԼՀԿ-ն ու Խաժակյանը հայցադիմումը հետ են վերցրել։ Այս առիթով Լեւոն Զուրաբյանը դատարանին հայտնել է․
«Այս ամբողջ դատավարությունը հնարավորություն էր՝ ապացուցելու այն տեսակետը, որ քաղաքական գործիչները պետք է գնան քաղաքական երկխոսության ճանապարհով, սա ի սկզբանե եղել է իրենց դիրքորոշումը, եւ շատ ուրախ եմ, որ հայցվոր կողմը եկավ հաշտության հենց այդ տեսակետի շուրջ, հետեւաբար, թեեւ իրավունք ունեն իրենց ծախսերի փոխհատուցում պահանջելու, բայց որպես փոխադարձ քայլ, հաշվի առնելով նաեւ այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, ողջունում ենք, որ իրենք զերծ են մնում նման մանրախնդիր հարցերից եւ չեն պահանջում, որ իրենց ծախսերը փոխհատուցեն»։
Ընդդեմ Դավիթ Խաժակյանի՝ դատական հայց է ներկայացրել դերասան Աշոտ Մելոյանը, ով հայտնի է Հայկ Մարությանի «Կարգին հաղորդում»-ում խաղացած դերերով։ Մելոյանը 2018-ի ավագանու ընտրություններով դարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Հայցադիմումի առիթը եղել է այն, որ 2020 թվականի մայիսի 8-ին Աշոտ Մելոյանը Ֆեյսբուքի իր անձնական էջում կատարել է գրառում հետեւյալ բովանդակությամբ․ «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, եւ անընդմեջ կարող են լեզվի տակ եկածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինի նաեւ թավշյա ապտակի»:
Խաժակյանը Մելոյանի գրառումը տեղադրել է իր էջում եւ նշել.
«Այս գրառումը կատարել է «Կարգին հաղորդման» դերասան Աշոտ Մելոյանը, ով իր ընկեր, քաղաքապետ դարձած Մարությանի որոշմամբ աշխատում է համայնքապատկան թափառող կենդանիների վնասազերծման հիմնարկում: Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար: Ընդ որում, հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, եւ հարուցվել է քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։
Դավիթ Խաժակյանը վերը նշված գրառման տակ տեղադրել է նաեւ «Կարգին հաղորդման» մանրապատումներից վերցված մի կադր, որտեղ Աշոտ Մելոյանը եւ Հայկ Մարությանը մարմնավորել են անտուն հարբեցող թափառականների: Դատարանը մասնակի բավարարել է Աշոտ Մելոյանի հայցը եւ Դավիթ Խաժակյանից բռնագանձել 150 հազար դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց փոխհատուցում։ Խաժակյանն այս գործով դիմել է Վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչն առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։