ՀՅԴ-ն երեկ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ, ի զորակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում այս օրերին տեղի են ունենալու «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ և բողոքի գործողություններ։
«Հրապարակի» հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Քրիստինե Վարդանյանն ասաց, որ բողոքի ցույցեր, հանրահավաքներ ու ակցիաներ տեղի են ունենալու ԱՄՆ-ի արևմտյան և արևելյան ափերին, Կանադայում՝ Վանկուվերում, Մոնրեալում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Վրաստանում, Կիպրոսում, Ավստրալիայում, Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Դանիայում, Ուրուգվայում և Արգենտինայում։
Մեր հարցին, արդյոք ՀՅԴ-ն է կազմակերպիչը, Վարդանյանն ասաց, որ տարբեր տեղերում տարբեր են կազմակերպիչները։
«Կարևորը, որ SOS Artsakh վերնագրով է, տարբեր վայրերում և ՀՅԴ կառույցները, պարզապես տեղի հայ համայնքի բնակիչները, և մի քանի տեղում միացյալ քաղաքական ուժերը և համայնքային կազմակերպությունները, այսինքն բոլոր վայրերում չէ, որ ՀՅԴ-ն է կազմակերպիչը»,- նշեց վերջինս։ Արդյոք ցույցերն ու ակցիաները իրականացնելու հստակ տեղեր են որոշվել՝ օրինակ, Ադրբեջանի կամ Թուրքիայի դեսպանատների դիմաց, ՀՀ ԱԺ պատգամավորն ասաց, որ հիմնականում լինելու է միջազգային կազմակերպությունների և այդ երկրների պետական շենքերի դիմաց, սակայն կան երկրներ, որտեղ ընտրվում են հրապարակները, փողոցները: Այսինքն, երկրից կախված` տարբեր են լինելու անցկացման ձևաչափերն ու վայրերը։
«Լիբանանում, օրինակ, արդեն տեսել եք`Ադրբեջանի դեսպանատան դիմաց, այսօր երեկոյան էլ լինելու է հավաք հրապարակում և փողոցներում: Որպեսզի դժգոհություններ չլինեն, այսինքն, երկրից կախված փոխվելու են տեղակայման վայրը։ Բայց այս 16 երկրներում կլինեն ակցիաներ և Ադրբեջանի դեսպանատան դիմաց, և այլ պետական հաստատությունների առաջ»,-ասաց վերջինս։
Վարդանյանը նշեց, որ այս հանրահավաքները կազմակերպվել են որպես շարունակություն եւ մեկ ընդհանրություն Երևանում սպետեմբերի 2-ին հայտարարված SOS Artsakh հանրահավաքի։ Նա նշեց, որ իրենք ընդգծել են, որ չափազանց կարևոր է այդ օրը ցույց տալ, որ հայ մարդը դեմ է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, դեմ է այսօր վարվող քաղաքականությանը և Արցախի կողքին է։
«Եվ այդ կոչին արձագանքել են այս պահի դրությամբ այս երկրները․ վստահ եմ, որ երկրների թիվն ավելի կավելանա։ Առաջիկայում ևս ոչ միայն այս օրերին ավելացումներ կտեսնենք։ Մենք շատ կարևորում ենք, որ աշխարհասփյուռ հայությունը արձագանքում է և իր հստակ դիրքորոշումն է արտահայտում` առ այն, որ համաձայն չէ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող ներկա քաղաքականությանը։ SOS Artsakh հանրահավաքի մտահղացումը եղել է Դաշնակցությանը, բայց դա կազմակերպվում է տարբեր ուժերի հետ համատեղ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ պատգամավորը։