Search
Close this search box.

Այլ ճանապարհների վկայակոչումը այլընտրանք չէ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը․ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։

Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի եւ չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ 2023թ. փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։

Հատկանշական է նաեւ, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաեւ սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում եւս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձեւավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը եւ դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար եւ աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարեւորությունը, եւ այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում է միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, եւ ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որեւէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

Please enter a valid URL