Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմեց, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:
«Արսենը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմեց Ռանչպարի գյուղապետը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: