Search
Close this search box.

Երվանդ Զախարյանը կադաստրային արժեքից 12 անգամ պակաս գնով օտարել է «Կուկուրուզնիկ»-ի շենքը

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Երիտասարդական պալատն անօրինական եղանակով օտարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով ու խախտելով օրենսդրական մի շարք պահանջներ` Սարալանջի 1 հասցեում գտնվող շուրջ 24 հազար քմ մակերեսով Երիտասարդական պալատն օտարել է կադաստրային արժեքից ավելի քան 12 անգամ պակաս գնով։

Մասնավորապես, պետական սեփականություն հանդիսացող Երիտասարդական պալատը, որի կադասրային արժեքն ավելի քան 805 մլն դրամ է գնահատվել, Զախարյանն «Ավանգարդ Մոթորս» ընկերությանն է օտարել շուրջ 63 մլն դրամով։

Դատախազությունից հայտնում են, որ այդպիսով Երևանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Ի դեպ, գնային այս տարբերությունն առաջացել է այն բանից հետո, երբ Երվանդ Զախարյանը շտապել և Երիտասարդական պալատի վաճառքն իրականացրել է ՀՀ կառավարության` 2004 թ. հունվարի 19–ի որոշումն ուժի մեջ մտնելուց 3 օր շուտ։ Ըստ 2004 թ. հունվարի 19–ի որոշման` Երիտասարդական պալատի արժեքը պետք է դառնար շուրջ 806 մլն դրամ։ Արդյունքում, Զախարյանն առանց համապատասխան իրավական հիմքերի պետության սեփականություն հանդիսացող գույքն օտարել է «Ավանգարդ Մոթորսին»:

Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի (նախկին) 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Please enter a valid URL