Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել:
Իսկ ի՞նչ է սպասվում նախագահի հրաժարականից հետո:
Ամիսներ առաջ, Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ, Արցախում սկսվեց Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ:
Ըստ այդ փոփոխությունների՝ ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է խորհրդարանին: Արցախի ԱԺ-ն մեկ շաբաթվա ընթացքում նոր նախագահ պետք է ընտրի:
Առաջիկայում Ազգային ժողովը նիստ կհրավիրի` նախագահ ընտրելու օրակարգով:
Արցախի ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ: