Այսօր Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները նախ ստիպել են իրենց հետ գնալ, հետո 7-8 հոգով հարձակվել են տղայի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել իրենց հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է դեպքին ականատես ուսանողներից մեկը, ով ևս Արցախից Հայաստան էր տեղափոխվում խաղաղապահների ուղեկցությամբ։
«Երբ Ալենի հերթը հասավ, որ պիտի փաստաթղթերը ստուգեին ադրբեջանցիները, ասացին, որ իր հետ կապված գործ կա, հետո կանցնեն իրեն։ Մի քանի րոպե անց մոտեցավ մի ադրբեջանցի ու սկսեց քաշքշել Ալենին՝ ստիպելով հետևել իրեն։ Ալենն էլ, կռահելով, որ ուզում են առևանգեն, հետ-հետ քայլեց, դուրս պրծավ դրա ձեռքից ու սկսեց վազել։ Այդ պահին 7-8 ադրբեջանցի զինվորական վրա հասան ու Ալենին բռնեցին․․․ Ոտքերը, ձեռքերը բռնեցին, գցեցին գետնին ու սկսեցին քաշքշել․․․ Ալենն օգնությունն էր խնդրում, ասում էր՝ փրկեք ինձ․․․ Մենք սկսեցին լացել, ոչ մեկիս թույլ չտվեցին, որ մոտենանք Ալենին, խաղաղապահներն էլ կանգնած տեսնում էին այդ ամենը ու ոչ մի քայլ չարեցին, ոչ մեկը մատը մատին չտվեց․․․»,- կայքի հաղորդմամբ՝ պատմել է ուսանողուհին՝ շարունակելով, որ ռուս խաղաղապահները «մի քայլ անգամ չեն շարժվել տեղներից»:
«Որ ասացինք ինչի՞ համար եք էստեղ բա, ո՞րն է ձեր գործը, եթե պիտի թույլ տաք, որ ձեր աչքի առաջից առևանգեն արցախցուն, ասացին՝ մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու»,– պատմել է նա: