Search
Close this search box.

Armlife-ը քննել է ընտրություններին մասնակցող մի շարք կուսակցությունների կարգախոսները

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտարական կարգախոսները միայն բավարար է հասկանալու համար, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և դրանց առաջնորդները ոչինչ չունեն առաջարկելու ոչ երևանցիներին, և ոչ էլ ընդհանրապես Հայաստանին: Փորձենք քննել մի շարք կուսակցությունների կարգախոսներ և սկսենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է «Ասեք կանենք»:

Հինգ տարուց ավելի է այս քաղաքական ուժը իշխանության է, հինգ տարի է այս ուժի տարբեր ներկայացուցիչներ զբաղեցնում են քաղաքապետի պաշտոնը, այդ որ մի ասածն են մինչև հիմա արել, որ ընտրություններից հետո պետք է անեն:

Օրինակ` արդեն տևական ժամանակ, երևանցիները խնդրում են մաքրել քաղաքը, բայց Երևանը կորած է աղբի մեջ, իսկ հավաքված աղբն էլ այրվում է, վերածվելով էլ ավելի մեծ բնապահպանական աղետի: Միակ բանը, որ երևանցիները պետք է ասեն ընտրությունների ժամանակ, և քվերակության միջոցով ՔՊ-ին և այդ քաղաքական թիմին
«հեռացեք»-ն է, ոչ միայն Երևանի քաղաքային իշխանությունից, այլ նաև ամբողջ երկրի իշխանությունից, հեռացեք` հանուն փրկության:

Կիրականացնեն նրանք երևանցիների պատգամը` կախված է երևանցիներից, և այդ պատգամը կյանքի կոչելու ունակ և նման խոստում տվող քաղաքական ուժերից:

«Մայր Հայաստան» դաշինքի կարգախոսն է` «Միացիր, որ փոխենք»: Երբ դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանn առաջադրվելուց առաջ հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը` մենք անկեղծորեն սկսեցինք մտածել, որ նա խզում է կապը հայ ժողովրդին հավերժորեն խաբած ու բացառապես իր անձնական շահերով ապրող Ռոբերտ Քոչարյանի հետ` նրան ասելով, որ մի մանդատ էիր ինձ տվել, սա էլ հետ եմ տալիս: Բայց երբ Քոչարյանն ու իր թիմը հայտարարեցին, որ պաշտպանում են նրա թեկնածությունը, մենք հասկացանք, որ նրանք միացած են շատ ամուր և անխախտ կապերով: Հիմա Թևանյանը միացել է Քոչարյանին` հերիք չի, էլ ում է առաջարկում միանալ Քոչարյանին, մի մարդու, ով 2021 թվականի նախագահական ընտրություններում խոստանում էր «կռել» Փաշինյանին, բայց ընտրությունների մասնակցելով՝ Փաշինյանից ստացավ իր ազատականը և ձայն չէր հանի, եթե Փաշինյանին օգնելու անհրաժեշտություն չառաջանար: Հիմա էլ հայ ժողովրդին ու երևանցիներին են առաջարկում միանալ իրենց, որ ավելի ամրապնդեն Փաշինյանի իշխանությունը: Դուք միացել եք հերիք է, մնացածին հանգիստ թողեք, մեղք ենք:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կարգախոսն է` «Առաջ նոր շնչով»: Ինչի էլի առաջ գնալու տեղ ունեն այս կուսակցության ներկայացուցիչները: Իսկ մեզ թվում էր, որ նրանք տեղավորվել են Փաշինյանի և նրա իշխանության իրենց համար ամենահամապատասխան վայրում և շատ էլ լավ են զգում: Բայց պարզվում է, որ չէ` ուզում են առաջ գնալ, մտածում են, որ եթե նոր շունչ քաշեն, դա կստացվի: Նոր շունչ քաշելիս, կամ ընդհանրապես շնչելիս զգույշ մնացեք` չխեղդվեք: Չնայած դա ձեզ համար հարազատ միջավայր է, հարազատ և օգտակար մթնոլորտային խառնուրդ:

«Միացյալ Հայաստան» անունը կրող կուսակցության կարգախոսն է` «Սիրտդ տուր Երևանին»: Այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է, ով «Արարատ ֆիշ» ընկերության տնօրենն է: Թարվերդյանը վերջերս մի հարցազրույցում ասել էր. «Երևանն ավելին է քան Հայաստանը», սա բացահայտ թուրքամետ, հակապետական և հակազգային կարգախոս է, որի իմաստը մոտավորապես այն է, որ հանուն Երևանը պահելու կարելի է հանձնել մնացած Հայաստանը: Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, իսկ երկրում նորմալ ազգային անվտանգության համակարգ, Թարվերդյանը հիմա պետք է իր ժամանակի մեծ մասն անցկացներ հակապետական քարոզչություն իրականացնելու հետ կապված հարցաքննությունների վրա: Բայց քանի որ հիմա երկրում փաշինյանական իշխանություն է, իսկ Թարվերդյանը Փաշինյանի հլու կամակատարն է, նա ընտրությունների է մասնակցում և նույնիսկ «Միացյալ Հայաստան» անունով կուսակցություն ղեկավարում: Մենք որևէ կասկած չունենք, թե Թարվերդյայնը որ երկրին է պատրաստվում միավորել Հայաստանը, կամ դրա, իր կարծիքով, ոչ այնքան արժեքավոր տարածքները:

«Շարունակենք, որովհետև բոլորիս է պետք» կարգախոսը Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորղ Հայկ Մարությանինն է: Ընդհանրապես բոլոր հակազգային ուժերը թաքնվում են ազգային ցուցանակների տակ, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա սրանց հակազգային էության վերաբերյալ, կամ որ արժեզրկեն ազգայինը: Վերադառնալով Մարությանի կողմից տրվող սպառնալիքին, թե մտադիր է շարունակել, մենք ընդամենը կարող ենք հույս հայտնել, որ այդ սպառնալիքը կյանքի չի կոչվի: Ինչը շարունակեք. Հայաստանը սևերի ու սպիտակների բաժանելը, մեծ մեծ խոստումներ տալն ու չկատարելը, Փաշինյանի մոտ ընդդիմադիր խաղալը, թե Մարությանն ուզում է շարունակի Հայաստանից դուրս սեփականության ցանկի մեծացումը: Բայց դա բոլորին պետք չէ, դա միայն իրեն է պետք, թող միայն ինքն էլ գնա ու քվեարկի իր թեկնածության օգտին:

Փաշինյանի իշխանության շնորհիվ կարիրեայի առաջընթաց ունեցած ևս մեկ գործիչ`Վիկտոր Մնացականյանը ավագանու ընտրություններին մասնակցում է «Հաղթանակ» կուսակցության անվան տակ, իսկ կարգախոսն էլ՝ «Մարդամոտ քաղաք»-ն է: Մեզ չհաջողվեց պարզել, թե որ հաղթանակին է նվիրված այս կուսակցության անվանումը`2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված հաղթական իշխանազավթմանը, թե 202օ թվականին գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի 43 օրյա «հաղթական» պատերազմին, որը պարտության վերածվեց, միայն պատերազմի 44-րդ օրը: Ինչ վերաբերվում է «Մարդամոտ քաղաք» կարգախոսին, ապա մարդամոտ լինում են ոչ թե քաղաքները, այլ մարդիկ, որովհետև մարդամոտ նշանակում է մարդկանց հետ մտերմություն անող: Տեսականորեն հնարավոր է, որ քաղաքներն էլ ինչ որ ժամանակ հետո արհեստական բանականությամբ օժտվեն, էմոցիաներ ձեռք բերեն ու սկսեն մարդկանց հետո մտերմություն անել, բայց Երևանը հաստատ մտերմություն կանի ազնիվ, ոչ կարիերիստ ու անշահախնդիր մարդկանց հետ: Էդ էր մնացել, որ Երևանը մտերմություն աներ պաշտոնի ու փողի մեռած մարդկանց հետ:

Մնացած կուսակցությունների ու կարգախոսների մասին հաջորդիվ:

ArmLife.am

Please enter a valid URL