Search
Close this search box.

Դառը ճշմարտության էջերից․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես լավ եմ հասկանում, որ ճշմարտություն ասելը հաճախ վատ հետևանքներ է ունենում։ Ժողովուրդն է ասում՝ ճիշտն ասողի գլուխը ծակ է․․․ , բայց եթե մենք չենք ասում իրականությունը և չենք փորձում մեր մեջ գտնել մեր հիվանդության ախտորոշումը, միշտ դատապարտված ենք լինելու կեղծիքով կործանումների։
Տեսեք, Արցախի շրջափակումը նոր չէ, այն սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ից, պարզապես մինչև 2022-ի դեկտեմբերի 12-ը թշնամին աստիճանաբար էր նեղացնում օղակը։ Մենք հանցավոր հանգստության մեջ էինք, քանի որ չէինք ուզում տեսնել իրականությունը։ Մենք չէինք պատրաստվում վատ ժամանակների, այլ վայելում էինք կյանքը։
Հիշում եմ, երբ Բերձորը պահելու համար ամիսներ շարունակ մարդկանց խնդրում էի օգնել, նույնիսկ Արցախից ստանում էի պատասխան, թե հարցերը լուծված են, արդեն ամեն ինչ լավ է լինելու․․․ իսկ այդ ընթացքում թշնամին Շուշի տանող ճանապարհն էր կառուցում, ապահովում իր զորքի ազատ տեղաշարժի համար ենթակառուցվածքները, մենք էլ վայելքների մեջ էինք․․․ վայ աման, միայն պատերազմ չլինի։

Այսօր էլ բան չի փոխվել։ Հայաստանում իշխանությունը զբաղված է իր ապազգային հարստությունը դիզելով, որ փախչելիս կարողանա հնարավորինս շատ փող տանել, իսկ ժողովուրդը գլոբալ առումով իներտ վիճակում է։

Մարդիկ ցավում են, որ Արցախում սով է, բայց ուրիշ ոչինչ էլ չեն ուզում կամ մտածում են, թե չեն կարող անել հանուն Արցախի։ Ցավում են ու դա համարում պարտքի կատարում։ Հայրենիքը իրենց մեջ զգալու ոչ մի կարողություն, քանի որ մարդկանց համար հայրենիքը լոկ իրենց ծննդավայրն է, պապական տունը․ թորքը որ հասնի պապական տուն, գուցե դուրս գա կռվելու։ Չնայած եթե թորքը կրակի Վարդենիսի կամ Գորիսի վրա, վստահ եմ, հազարներով մարդիկ կսկսեն արտագաղթել ու հաստատվել Աբովյանում, քանի որ միայն դա է սահմանից հեռու։ Աբովյանը շուտով կդառնա Արշակավան․․․ պատմություն իմացողները լավ գիտեն, թե դա ինչ է։

Եվ միայն շատ քիչ մարդ է զօրուգիշեր հալումաշ լինում հայրենիքի համար։ Մեկ վազում են առաջնագիծ, մեկ Արցախի համար սնունդ ու դեղորայք հավաքում-ուղարկում, մեկ փորձում խելքի բերել հայրենավաճառ իշխանություններին։
Նույնը Արցախում է․ շրջափակման օղակը ավելի է սեղմվել, վիճակը ավելի ու ավելի աղետալի է դառնում, բայց դրա դեմ պայքարը, Արցախ սնունդ, դեղորայք ու վառելիք հասցնելը մի քանի տասնյակ մարդու ուսերին է։ Այդ մարդիկ եթե Արցախի կառավարության մեջ են, մի բան ճիշտ են անում, տասը բան՝ սխալ, հաջողում են մի բան ներկրել Արցախ, կողքից մի բան էլ իրենց ընտանիքների համար են տանում, և այդկերպ առաջանում է վեճ ու ըմբոստություն։

Իսկ ի՞նչ է անում հանրությունը։

Մարդիկ 3 հիմնական բանի մասին են խոսում․
1․ Իշխանությունները թալանչի են, մենակ իրենց մասին են մտածում։
2․ Մեկը լինի, մի բան ասի, հետևից գնանք։
3․ Ճանապարհը բացվի, դուրս գանք / կամ ազատ շնչենք։
Թող ինձ ներեն իմ եղբայր ու քույր Արցախցիները, բայց հարազատի ճշմարտությունը պիտի ասեմ։ Երբ ասում եք, թե իշխանությունները թալանում տանում են իրենց տներ, մոռանում եք ասել, որ էն հասարակ խանութի տերն էլ իր ծանոթ-բարեկամներին է տալիս ապրանքը, իսկ երբ խանութներում ապրանք կար, մարդիկ մեծ քանակությամբ վերցնում տանում էին տուն՝ հնարավորություն չտալով, որ հարևանն էլ մի բան իր երեխայի համար տանի։ Սա էլ անհավասարության մի ձև է։ Հավի ձուն հո Արցախում է լինում, ինչո՞ւ է սովորական Արցախցին մեկ ձուն վաճառում 200 կամ ավելի բարձր գնով։

Ես ուրախ եմ, որ այս ծանր պահին մարդիկ աստիճանաբար սկսում են նաև միմյանց զորավիգ լինել, ունեցած մի կտոր հացը կիսել իրար հետ։ Դա ավելի ուժեղացնում է պայքարող հանրությանը, եթե ավելանա նաև գաղափարական գործոնը։
Երբ ասում ենք՝ մեկը լինի, հետևից գնանք։ Իսկ ո՞վ պիտի մեզ սովորեցնի, որ հայրենի հողի համար պայքարելը և դժվարությունների դիմանալը մեր սուրբ պարտքն է։ Ասենք՝ Ռուբեն Վարդանյանը պիտի ասի, նոր Արցախցին գիտակցի՞, որ ինքը պիտի շարունակի ապրել այն հողում, որի վրա 4500 տարի ապրել են իր դեդոներն ու բաբոները։ Բա ո՞ւր մնացին ազգային պատմական ավանդներն ու բերնեբերան եկած պատգամները։

Երբ ասում ենք՝ ճանապարհը բացվի, դուրս գանք կամ ազատ շնչենք։ Օրերս մի Արցախցի տիկին ինձ հարց տվեց, թե ինքը ծանր երկընտրանքի առաջ է կանգնած, չգիտի՝ սոված երեխայի՞ն, թե՞ հայրենիքին դավաճանի։ Ես պատասխանեցի, որ պետք է հավատարիմ լինել երկուսին էլ, քանի որ երեխայի կյանքը կախված է հայրենիքից, իսկ հայրենիքը քոնն է այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ թեկուզ ծանր կյանքով, բայց ապրում է քո երեխան։
Հայաստանում այսօր ընդամենը 3 մարզ կա, որտեղ մարդիկ 4500 տարի ապրել են իրենց ծննդավայրում և ամուր թելերով կապված են այդ հողի հետ՝ Սյունիքը, Տավուշը և Արցախը։ Մյուս տեղերում հիմնականում 1828-ից հետո վերաբնակեցված մեր հայրենակիցներն են, որոնք դեռևս ենթագիտակցության մեջ պահում են Արևմտյան Հայաստանը կամ Պարսկահայաստանը։

Հայրենիքը նախ մեր սրտում ու արյան մեջ պիտի լինի, որ կարողանանք դիմանալ զրկանքներին։ Եթե մենք կշեռքի նժարի վրա դրեցինք հայրենիքը և ընտանիքը կամ որևէ այլ արժեք, համարեք, որ հայրենիքը կորսված է։

Հայրենիքը հյուրանոց չէ, հայրենիքը գին չունի, որը պետք է հասկանալ, եթե չես հասկանում և բերում ես տարբեր պատճառներ, ապա ավելի լավ է լքես հայրենիքը և հյուրանոց փնտրես քեզ համար, որովհետև հայրենիքը հյուրանոց չէ․․․

Վերջում՝ կան մարդիկ, որոնք իրենց ծանր ապրումների մեջ ինձ մեղադրում են, թե Նաիրի Հոխիկյանը էդքան որ խոսում է դիմանալու մասին, թող ինքը գա Արցախում ապրի, ես գնամ իր տեղը Հայաստանում ապրեմ։ Գիտեք, Արցախցի լինելը առաջին հերթին ոչ թե Արցախում ծնվելն է, այլ Արցախ զգալը, դա կոչում ու պատիվ է․ ես Արցախում չեմ ծնվել, բայց ինձ համարում եմ Արցախցի, երջանիկ կլինեմ, եթե կարողանամ Արցախ հասնել։
Մեղավոր չեմ, որ չի ստացվում գալը։ Օգնեք գալ Արցախ, խոսեք որևէ մեկի հետ, կազմակերպեք, ես ընտանիքով կգամ, թող իմ փոխարեն Արցախը քանի ընտանիք ուզում է լքի, բայց ես կգամ, միայն հնարավոր լինի ի կատար ածել այդ երազանքս։

Please enter a valid URL