Search
Close this search box.

«Մարդիկ թե՛ գիշերը, թե՛ ցերեկն անցկացնում հացի հերթերի մեջ»

Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ օրերով են հարցի հերթ կանգնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։

«Մարդիկ հերթագրվում են ու թե՛ գիշերը, թե՛ ցերեկն անցկացնում հերթերի մեջ։ Ստացվում է` մարդկանց ամբողջ օրն անցնում է հացի խնդիր լուծելու վրա»,– նշել է Ասատրյանը։

Նրա խոսքով` անգամ դեպքեր են եղել, երբ ծնողները երեխաներին են ուղարկում հացի հերթ կանգնելու, նրանք քնում են հերթերի մեջ։ Իսկ տարեցները շատ հաճախ ուղղակի չեն դիմանում, ուշաթափվում են։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը տեղեկացրել է նաև, որ Արցախում ալյուրի պաշարները վերջացել են, ու հիմա տեղի իշխանությունները փորձում են ամառվա բերքը հավաքել, չորացնել ու հաց ստանալ։

«Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն ազդում են նաև հացի փռերի աշխատանքի վրա։ Օրական 6 ժամ հոսանք ենք ունենում, որը բավարար չէ, որպեսզի թխեն այնքան հաց, որ մարդկանց բավականացնի։ Մանկապարտեզների դեպքում, սեզոնայնությամբ պայմանավորված, գյուղերից դեռ հնարավոր է լինում միրգ–բանջարեղեն հայթայթել ու մատակարարել մանկահասակ երեխաներին»,– ընդգծել է Մերի Ասատրյանը։

Նա հիշեցրել է, որ նոր բերքը ոչ միշտ է հաջողվում հավաքել, քանի որ թշնամին թիրախավորված կրակում է բերքահավաք իրականացնող տեխնիկայի և գյուղացիների ուղղությամբ։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Please enter a valid URL