Search
Close this search box.

Ի՞նչ է նշանակում Պրիգnժինի մшհը Ռուսաստանի համար

Ռուսաստանի ավիացիոն դաշնային գործակալությունը պաշտոնապես հաստատել է ռուսաստանցի վարձկանների առաջնորդ՝ «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը։ Նա օգոստոսի 23-ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում կործանված ինքնաթիռի ուղևորներից էր։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Տվերի մարզում վթարի ենթարկված մասնավոր ինքնաթիռում էին «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը, վարձկանների ռազմական հրամանատար Դմիտրի Ուտկինը և Պրիգոժինի ավագ օգնական Վալերի Չեկալովը՝ չորս այլ ուղևորների (որոնց թվում՝ վագներական, ազգությամբ հայ Եվգենի Մակարյանը-խմբ․) և օդանավի երեք հոգանոց անձնակազմի հետ:
Դուբլինի համալսարանական քոլեջի միջազգային քաղաքականության պրոֆեսոր Սքոթ Լուկասը քիչ հավանական է համարում վթարի պատահական լինելը։

«Արևմտյան՝ ամերիկյան ու եվրոպական հետախուզական ծառայությունները ակնարկում են, որ օդանավը խոցել են հակաօդային պաշտպանության հրթիռով: Դժվար է հավատալ, թե տեղի ունեցածը պարզապես սխալմունք է եղել: Պատվիրված գործողություն էր։ Նպատակային սպանություն»,-նրա խոսքերն է փոխանցում «Ամերիկայի Ձայն»-ը։

Ենթադրաբար Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը կործանվեց ճի՛շտ երկու ամիս անց, երբ «Վագների» առաջնորդը զինված ապստամբություն բարձրացրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարության դեմ։ Այն տևեց մոտ 24 ժամ: Եվգենի Պրիգոժինն ու նրա ղեկաված ուժերը հետագայում թույլտվություն ստացան անցնել Բելառուս:

ԱՄՆ Միջին Թենեսիի պետական համալսարանում Ռուսաստանի գծով փորձագետ Անդրեյ Կորոբկովն ամենևին զարմացած չէ Պրիգոժինի մահից․ «Ուղիղ երկու ամիս է անցել։ Շատ խորհրդանշական է: Շարունակ ասում էի, որ Պրիգոժինը դատապարտված է: Նա խախտել է Կրեմլի ամենակարևոր կանոնը՝ հավատարիմ չի եղել առաջնորդին: Երկու ամիս առաջ տեղի ունեցածն ամոթալի էր Պուտինի համար։ Ուստի, այս վթարը սպասելի էր»։

Լուկասի խոսքով, եթե ինքնաթիռը միտումնավոր կործանել են, ուրեմն գործ ունենք Պուտինի ուղերձի հետ. «Ուղերձ է հղվել ռուսական ռազմական, քաղաքական, տնտեսական վերնախավին»:
Կորոբկովը հավելում է՝ թեև «Վագների» ղեկավարի մահը կարող է օգուտ բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն դժվար թե օգնի Ուկրաինայում պատերազմող ռուսական բանակին:

Հիշեցնենք նաև, որ Պուտինը ցավակցություն է հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին՝ նշելով, թե Պրիգոժինը «տաղանդավոր անձնավորություն էր», որը «մի քանի լուրջ սխալներ էր թույլ տվել»:

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Please enter a valid URL