Search
Close this search box.

Մանրամասներ՝ Աղավնոյում տունը վառող Արման Հայրապետյանի մահվան դեպքից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ Գորիսում տեղի ունեցավ Աղավնոյից տեղահանված Արման Հայրապետյանի հուղարկավորությունը։ Նա Աղավնոյի այն բնակիչն էր, որն ադրբեջանցիներին հանձնելուց առաջ առաջինն այրեց իր տունը։ Արման Հայրապետյանի մահվան պատճառը շտապօգնության բացակայությունն է եղել։ Պարզվում է՝ նա ալերգիա ուներ մեղվի խայթոցից։ «Մեղուն կծել էր, շտապօգնությունն ուշ է տեղ հասել, մինչեւ եկել են, մահացել է»,- պատմում է Աղավնոյի գյուղապետարանի նախկին աշխատակից Աննա Հարությունյանը, ով բնակվում է Չարենցավանում։ Նա ասում է, որ Արման Հայրապետյանը Գորիս-Երեւան երթուղայինի վարորդն էր։ «Ես երբ գնում էի Կարմիր խաչ, որ խնդրեմ՝ մի երկու տոպրակ բան ուղարկեն Ստեփանակերտ, իր մեքենայով էի գնում։ Մարդամոտ, բարեխիղճ, հոգատար, հայրենասեր տղա էր։ Երկու տղա ուներ, կին»,- ասում է Աննա Հարությունյանը։ Նա հիշում է Արմանի խոսքերը՝ կորցրած, երազ դարձած Աղավնոյի մասին։

«Հիշում էր գյուղը, իր տունը, պատերազմում զոհված եղբայր Մհերին։ Տրամադրությունը ջարդված, կոտրված, թեւաթափ եղած էր։ Ո՞նց պետք է տունը կորցրած մարդն իրեն զգա։ Չէր փոշմանել, որ վառել էր տունը։ Ասում էր՝ դժվար է եղել սկզբի քայլը։ Բայց որ վառեցի, թեթեւացա, ասում էր՝ ոնց որ մի տեղ վրեժ լուծած լինեմ»։ Աննա Հարությունյանն Աղավնոյի նախկին բնակիչների հետ «չատերով» ու հեռախոսով հիմա էլ կապ է պահպանում, բոլորից տեղյակ է։ Երեխաները Ստեփանակերտում են։ Որդին Արցախի բանակում է ծառայում, դուստրն ուսանող է։ «Աղջիկս մնացել է բլոկադայի մեջ։ Վազվզում եմ, սրան եմ խնդրում, նրան եմ խնդրում, որ երեխուն մի փոքր սնունդ ուղարկեմ»,- գանգատվում է Աննան։

Please enter a valid URL