Այսօր առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև անվտանգ միջանցքների զարգացումը։ Ծաղկաձորում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր հատուկ նշանակություն է ձեռք բերում մեր պետությունները` «հնգյակի» պետությունները կապող անխափան և անվտանգ միջանցքների զարգացումը։ Եվ այդ խնդրի լուծումը Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների թվում է»,- ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սերտորեն համակարգել ուղևորատար և բեռնատար հաղորդակցության կատարելագործման, էլեկտրոնային ապրանքաուղեկցող փաստաթղթերի ներդրման և մի շարք նոր ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման ջանքերը:
Եվս մի կարևոր թեմա է ֆինանսների և ներդրումների ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։ Միշուստինի խոսքով` այժմ փոխադարձ հաշվարկների մեծ մասը կատարվում է ազգային արժույթներով։
«Առաջարկում ենք ազգային արժույթների հիման վրա զարգացնել ընդհանուր վճարային տարածքը, ներդնել Եվրասիական վարկանիշավորման համակարգը և այդպիսով բարելավել ներդրումային միջավայրը։ Ամենակարևորը՝ կբարձրանա հաշվարկների անվտանգությունը, և, համապատասխանաբար, մեր տնտեսությունների կայունությունը»,- նշել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր են ստորագրվել ասիական և աֆրիկյան մի շարք պետությունների հետ: