ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է արագացնել աշխատանքը Հայաստանի հետ համագործակցության բոլոր ուղղություններով։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ապագա տասնամյակի համար ԵԱՏՄ ռազմավարության հրատապ խնդիրները: Իր ելույթում Միշուստինը փոխանցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերային, դաշնակցային հարաբերությունները։ Չնայած արտաքին տնտեսական բարդ իրավիճակին՝ Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն աճում է։ Հենց այստեղից էլ գալիս է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքը։ Մենք արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության բարձրացումը»,- ասել է Միշուստինը։