Այս պահին մենք ունենք կրթաթշակային քաղաքականություն, միայն բուհերում կրթաթոշակների համար պետական բյուջեից տրամադրվում էր շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետև մեկ ուսանողին ամսական տրամադրվող կրթական թոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում:
Այս մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով օրենքի նոր նախագիծ:
«Որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրը, պետք է փոխենք կրթաթոշակային քաղաքականությունը, մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշկի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- ասել է նա:
Ըստ նախարարի առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են բնագիտական, տեղնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը:
«Սա ունի շատ պարզ նպատակ, վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ՝ գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար:
Այս ուղղություններով մանկավարժության մասնագիտությամբ ուսանողների համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս մասնագիտությամբ ուսանողների թվի աճի վրա»,- ասել է նա:
Նախարարը նաև նշեց, որ հաշմանդաություն ունեցող ուսանողների համար կսահմանվի 50 հազար դրամ կրթաթոշակ, որը կարող է օգտագործվել նաև նրանց կրթության կազմակերպման լրացուցիչ ծախսերի համար: Ինչպես նաև այս կրթաթոշակը կսահմանվի առանց ծնողական խնամքի մնացած անձանց համար:
«Սա կսկսի գործել այս տարի ընդունվողների համար, այսինքն նրանք, ովեքր մինչև այս սովորում էին, կշարունակեն իրենց կրթաթոշակը ստանալ մինչև ուսումնառության ավարտը»,-ասել է նա: