Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:
Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում Հ. Հովհաննիսյան փողոցի 119 շենքին հարակից զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Գ.-ի եւ Երեւանի բնակիչ 17-ամյա Արթուր Բ.-ի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Նարեկ Գ.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի վայրում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերվել է գարեջրի մոտ 30 դատարկ շիշ, հողաթափ եւ գլխարկ, որոնք քննիչն առգրավվել է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արթուր Բ.-ին եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։