Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։
«Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին ասել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտության մասին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ՄԱԿ) համապատասխան որոշման և հետագա էսկալացիան կանխելու նպատակով… Միշելը կոչ է անում, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության համար հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել են Բրյուսելում։
Աղբյուրի համաձայն՝ ԵՄ խորհրդի ղեկավարը նաև կոչ է անում բոլոր կողմերին խուսափել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։
Բաց այդ , նշվում է, որ Շառլ Միշելն ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ «իրավիճակի հանգուցալուծման տարբերակները քննարկելու համար»։