Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձեւ չստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում չստորագրել բանաձեւ՝ ԼՂ–ում իրավիճակի հետ կապված։
«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։ Բանաձեւի նախագիծ մենք չենք տեսել, եւ այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձեւ, բացարձակ կեղծիք են»,–հայտնել է դեսպանատունը։
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է ԱՄՆ–ին խորապես մտահոգել, եւ իրենք Ադրբեջանի կառավարությունը կոչ են անում շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն եւ մասնավոր փոխադրումների համար։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ չի կարծում, թե ԱՄՆ–ն որեւէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։
«Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ եւ հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,–ասել էր նա։