Search
Close this search box.

Էլենի ամենամեծ վախն այդ պահին գերի ընկնելու վախն էր․ Էլեն Առստամյանը մանրամասներ է ներկայացրել

Ամենամեծ վախը այդ պահին գերի ընկնելու վախն էր՝ հաշվի առնելով նախորդ երկու դեպքերը, որ տեղի էին ունեցել Վագիֆ Խաչատրյանի ու Ռաշիդ Բեգլարյանի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Էլեն Առստամյանը և մանրամասներ ներկայացրել տեղի ունեցածի մասին։

«Այդ օրը ընտանիքով գնացել էինք օդանավակայան, որտեղից ավտոբուսներով պետք է շարժվեինք դեպի ՀՀ։ Սկզբից ամեն ինչ կարծես թե լավ էր, բայց նախքան սահման հասնելը, ճանապարհին մի դեպք էր պատահել, ինչի պատճառով ես արդեն լարված էի։ Ավտոբուսի այն հատվածում, որտեղ ես էի նստած, ծուխ էր բարձրանում, ինչ-որ խնդիր էր առաջացել, երևի տաքությունից, ու ռուս խաղաղապահները անհապաղ մեզ դուրս հանեցին ավտոբուսից՝ ասելով, որ հնարավոր է այն պայթի։ Հետո, երբ հասանք անցակետի մոտ, ավելի լարվեցի, երբ տեսա զինված ադրբեջանցիների, հայ չկար, մի կողմում ռուս խաղաղապահներն էին, մյուս կողմում իրենք ու լարվածությունս կրկնապատկվեց»,- ասել է Էլենը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, նրա խոսքով՝ անցակետի մոտ սպասելիս՝ լարվածությունն էլ ավելի է մեծացել, երբ իրենց են մոտեցել ադրբեջանցի օպերատորներն ու լուսանկարիչները և սկսել նկարահանել իրենց։

«Նրանց ուղղությամբ փորձում էինք չնայել, տեսանյութում էլ կարող եք տեսնել, որ ես մեջքով շրջված եմ ու երբ ինձ հարց են տալիս, շրջվում եմ ու անսպասելի հայտնվում այդքան տեսախցիկների առաջ։ Ընդհանրապես չէի սպասում, որ լրագրողները կարող է մոտենան ու հարց տան, ես մեջքով էի ու լրագրողներին չէի տեսել։

Եկան, սկսեցին ռուսերենով ինչ-որ հարցեր տալ, ես սկսեցի ավելի շատ լարվել, երբ լրագրող աղջիկը սկսեց ադրբեջաներենով ինչ-որ հարցեր տալ ու մոտ մի տասը լրագրողներով հավաքվեցին գլխիս։ Ձեռքով փորձում էի փակել դեմքս, որ չերևա, կողքերս էի նայում, փորձում էի դուրս գալ այդտեղից ու չգիտեի ինչպես ասեմ, որ ուզում եմ գնամ, միայն վերջում համարձակություն հավաքեցի ու ասացի, որ չեմ ուզում խոսել։ Այդ պահին ամենամեծ վախս գերի ընկնելու վախն էր, որ հանկարծ մի բան էն չասեմ, ինձ չբռնեն տանեն, հատկապես, որ լսել էի նախորդ դեպքերի մասին։ Մտածում էի, ոչ մի վատ բան չասեմ, ի՞նչ անեի, ոչ հայ կար այնտեղ, ոչ ծանոթ, ոչ բարեկամ, մի աղջկա հետ էի ծանոթացել ճանապարհին, ինքն էլ կողքիս չէր այդ պահին, ինձ անպաշտան էի զգում, ռուսները, որ այնտեղ կանգնած էինիրենք էլ այդ պահին ոչինչ չեն արել»,- ընդգծել է Էլենը։

Լրատցվամիջոցի հետ զրույցում նա նաև խոսել է իրեն քննադատող մարդկանց մասին, նշելով, որ ոչ ոքից չի նեղանում․

«Դա իրենց կարծիքն է ու իրենց քննադատելու իրավունքը։ Աստված ամեն ինչ տեսնում է ու միայն Աստված գիտի՝ ինչ եմ ես այդ պահին զգացել։ Ինձ վիրավորանքներ գրող մարդիկ երևի չեն հասկացել, ես ինչ հոգեվիճակում եմ եղել»

Հիշեցնենք, որ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ին իրականացվել էր ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը։ Այդ ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է արցախցի Էլեն Առստամյանի հարցազրույցը, ինչը տարակարծություններ էր առաջացրել ու քննադատությունների արժանացել նաև հայկական մեդիա տիրույթում։

Please enter a valid URL