Search
Close this search box.

Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին

Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, հետևաբար, տեղյակ չէ, թե օրակարգում ինչ հարցեր են եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Դավիթ Բաբայանը։

Միևնույն ժամանակ Դավիթ Բաբայանը նշել է, որ բացմիցս հայտարարել են, որ Աղդամի ճանապարհը չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին։ Նա ասել է, որ Բերձորի միջանցքը ոչ միայն լոգիստիկ նշանակություն, այն քաղաքական, իրավական կարգավիճակ ունեցող տարածք է, որտեղ մարդկանց և բեռնատարների մուտքը պետք է ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության ապահովի Ռուսաստանի Դաշնությունը։

«Հիմա, եթե Աղդամի ճանապարհը փոխարինվում է Բերձորի միջանցքով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հետևանքներ է ունենալու։ Հետագայում ինչ- որ պատճառներով միգուցե գործարկվի Աղդամի ճանապարհը, բայց չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին, հենց փոխարինեց, նշանակում է՝ չի լինելու Բերձորի միջանցք, Արցախի վերջն է լինելու։ Արցախը կտրված է լինելու արտաքին աշխարհից և Հայաստանից»,- լրատվամիջոցի հետ զրույցում համոզմունք է հայտնել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Աղդամի ճանապարհի բացմանը զուգահեռ շրջանառվում են նաև տեղեկություններ, թե առաջիկա օրերին ադրբեջանական Բարդա քաղաքում հանդիպում է սպասվում Արցախի մերձիշխանական խմբի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։ Այս հարցի վերաբերյալ էլ Բաբայանը տեղեկություններ չունի։

Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն հանդիպումներին, բայց խնդիրը ձևաչափի և քննարկվող հարցի մեջ է։

Հավելենք, որ հայկական մամուլն այսօր գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, թե որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու: Մամուլի հրապարակումների համաձայն՝ առևտուրն այդ ճանապարհով լինելու է մասնակի, այնտեղով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։

Please enter a valid URL