Կոչ եմ անում բոլոր երեւանցիներին՝ ակտիվ մասնակցել ընտրություններին, եւ իրենց ձայնը տալ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որը առաջարկում է նոր մոտեցում եւ նոր ուղի է ցույց տալիս բոլորին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին մեկնարկած Երեւանու ավագանու նախընտրական քարոզարշավին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Երեւանը Հայաստանի մոտավորապես կեսն է, Երեւանում է կուտակված մեծ ռեսուրսներ, որոնցով կարող ենք ցույց տալ, թե ինչ է պետք անել, որ փոխվի ամբողջ Հայաստանը: Այսօր շատ կարեւոր օր է: Մենք անցնում ենք շատ կարեւոր ճանապարհ: Մենք փորձում ենք վերականգնել մեր պետությունն ու պետական մտածելակերպը, որովհետեւ հայրենիքն առանց պետության շատ դժվար է պահպանել: Մենք հարյուրավոր տարիներ դրա համար մեծ գին ենք վճարել: Ես վստահ եմ, որ մենք կհաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք ունենք այսօր: Ոչ մեկ ոչ մի բան մեզ չի ապահովելու եւ մեզ պարտական չէ: Եթե խոսում ենք մեր ապագայի ու հայրենիքի մասին, ապա դա մեր պատասխանատվությունն է: Մենք գիտենք, թե դա ինչպես պետք է անենք, ապագան մենք ենք կերտում: Ապագան ունի կարեւոր մի հատկանիշ, դա արժանապատիվ, հայրենասեր, ուժեղ պետություն ունեցող, իրեն հարգող հայն է»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ մենք Արցախում այսօր ունենք շատ լուրջ մարտահրավեր.
«Արցախն ու Հայաստանն իրար շատ կապված եղբայրներ են, որոնք առանց իրար չեն կարող ապրել: Ես վստահ եմ, որ մեր ապագան Արցախում է որոշվում: Հայաստանում ապրող մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Արցախում ստեղծված իրավիճակին: Միայն ուժեղը կարող է խաղաղության պայմանագիր կնքել, թույլը չի կարող կյանքում ինչ-որ մի բան ստորագրել»: