Search
Close this search box.

«Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից». Ռուբեն Վարդանյան

ՄԱՄՈՒԼ.ամ

Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 386.13, EUR 419.49, RUB 4.12, GBP 491.00
+33 °C, +19 °C … +33 °C Վաղը`+35 °C
Լրահոս | Տեսանյութեր | Բաժիններ
«Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից». Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch-ին
15:48, 21.08.2023 | mamul.am
161 | 0

Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Վարդանյանի մամուլի գրասենյակը:

««Caucasus Watch-ը Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է երկու տարբեր առիթներով՝ 2023 թվականի հուլիսին և օգոստոսին: Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի հետ այս հանդիպման առիթը շրջափակումն է, որը խաթարել է Արցախ-Հայաստան ուղիղ տրանսպորտային կապը: Այս շրջափակումը սկսվել ու շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից:
Իշխանությունները հաղորդում են սննդի և դեղորայքի սուր պակասի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումների մասին: Հունիսի կեսերից անգամ անհնար են դարձել Կարմիր խաչի կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների հումանիտար փոխադրումները: Խնդրի լուծման հեռանկարը մշուշոտ է։ Բաքուն տեղի բնակչությանն առաջարկում է մատակարարումներ իրականացնել Ադրբեջանի կողմից, սակայն հայերն ադրբեջանական բեռնատարները համարում են հպատակությունը ճանաչելու առաջին քայլ:
Չնայած էլեկտրաէներգիայի խափանումներին և անգամ ժամային գոտիների թյուրընկալումներին՝ Վարդանյանը մեզ հետ կապ է հաստատում ճիշտ ժամանակին և ողջունում է լավ հումորով: Նա, ինչպես և բոլոր արցախցիները, սեփական մաշկի վրա է զգում շրջափակման բոլոր դժվարությունները և, ինչպես ինքն է ասում, հասել է իր վերջին սիգարներին։ Նա աշխույժ է թվում, թեպետ խոստովանում է, որ կարոտում է իր ընտանիքը:

Caucasus Watch — Դուք Ղարաբաղից դուրս լսարան ունեք։ Մինչև մեր հարցազրույցը, ես աչքի եմ անցկացրել BBC-ն, Reuters-ը, DW-ն, նույնիսկ France 24-ը: Ղարաբաղը լրատվամիջոցների գերակա դիրքերում չէ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ղարաբաղում տիրող իրավիճակը համաշխահային լրահոսի գլխավոր նորություններից չէ:

Ռուբեն Վարդանյան — Անկեղծ ասած, աշխարհում բազմաթիվ ճգնաժամեր կան։ Տեղեկատվության հոսքը շատ խիտ է, ուստի, հնարավոր չէ ամենօրյա ռեժիմով ներգրավված լինել որևէ կոնկրետ թեմայի մեջ: Երբ դեկտեմբերին սկսվեց շրջափակումը, այդ ժամանակ մեծ հետաքրքրվածություն կար։ Դե սահմանափակում կա, թե որքան երկար մարդ կարող է ներգրավված լինել որոշակի թեմայի մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը կազմակերպեց ու իրականացրեց Հայոց ցեղասպանությունը և զանգվածային տեղահանությունները, բազմաթիվ զեկույցներ հայտնվեցին ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում: Այս իրադարձությունը մեծապես փաստաթղթավորվել է, և գերտերություններն ուշադրությամբ մշտադիտարկել են իրավիճակը: Ինչևէ, այսօր Արցախում հայտնվել ենք տեղեկատվական ամբողջական մեկուսացման մեջ, միջազգային լրագրողներին թույլ չեն տալիս այցելել Արցախ և հենց տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին։ Ներկայումս մենք ապրում ենք համաշխարհային պատմության մի այնպիսի փուլում, որտեղ անտարբերությունը տագնապալի կերպով գերիշխող է դարձել: Չնայած շրջափակման փաստացի ապացույցների առկայությանը և Միջազգային դատարանի որոշմանը՝ Ադրբեջանը շարունակում է լիակատար արհամարհանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ։

Խիստ կարևոր է ընդունել, որ Արցախում հիմնական խնդիրը ոչ միայն հումանիտար աղետն է, այլև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում բնակվող հայ բնակչության էթնիկ զտումների և ցեղասպանության միտումնավոր հետապնդումը։ Հումանիտար աղետն Արցախում Ադրբեջանի ռազմավարության ընդամենը մի մասն է։ Չնայած հսկայական մարտահրավերներին՝ 120 հազար արցախցիները համառորեն դիմադրում են և դիմադրում են արժանապատվությամբ։ Հումանիտար աղետի ստեղծման միջոցով Ադրբեջանը նպատակ ունի ստիպելու նրանց, ովքեր հաստատել են իրենց ինքնորոշման իրավունքը և հռչակել են իրենց անկախությունը դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ, ենթարվել մի երկրի, որի կազմում նրանք երբեք չեն եղել:

Վերջապես, մեր թշնամին {Ադրբեջանի Հանրապետությունը} նաև բավականին լավ է աշխատում։ Նրանք ֆինանսական միջոցներ են ուղղել այն ընկերություններին և գործակալություններին, որոնք բավական արդյունավետ են հանրային դիսկուրսը վերահսկելու և ադրբեջանական նարատիվն ամբողջ աշխարհում առաջ մղելու հարցում:

Ինչի՞ հետ մենք այստեղ գործ ունենք։ Սահմանումները կարևոր են: Ադրբեջանը մեզ անվանում է «ահաբեկիչներ» և «անջատողականներ», ներքին խնդիր, որը, ըստ նրանց, պետք է լուծվի ադրբեջանական օրենսդրության համաձայն: Արևմուտքը ներկայիս ճգնաժամն անվանում է հումանիտար ճգնաժամ։ Մենք դա անվանում ենք շարունակական դիմադրության շարժում, որը սկիզբ է առել ոչ թե 1988 թվականին, այլ դրանից շատ ավելի վաղ՝ 1920-ականներին, երբ ստեղծվել է ԽՍՀՄ-ը, և Ստալինն ու նրա նմանները գծել են սահմանները:

Genocide Watch կազմակերպությունը, իսկ վերջերս էլ Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, Լաչինի միջանցքի շրջափակումը որակել են ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի (գ) կետի. այն է՝ «որոշակի խմբի համար միտումնավոր կերպով ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք, իրականացնողների հաշվարկների համաձայն, կհանգեցնեն այդ խմբի ֆիզիկական բնաջնջմանը»։ Այս սարսափելի եզրույթը չափից դուրս շատ է օգտագործվել, երբեմն էլ՝ չարաշահվել՝ 1944 թվականին Լեմկինի կողմից ստեղծվելուց ի վեր: Ես՝ որպես 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների սերնդի ներկայացուցիչ, այդ եզրույթը տեղի-անտեղի չեմ օգտագործում: Մենք հիմա գործ ունենք Արցախը 120 հազար հայերից զտելու ցեղասպանական գործողությունների հետ՝ իբրև Ալիևի և նրա կառավարության բաղձալի վերջնական լուծում։

Caucasus Watch — Այո՛, բայց պատճառը, որ ես բարձրաձայնում եմ այս հարցը, ներկայիս այն տեսանելի սպառնալիքն է, որ Ադրբեջանը կարող է ռազմական միջամտության դիմել: Արդյոք այդ սպառնալիքը հավանակա՞ն է, ի՞նչ եք կարծում:

Ռուբեն Վարդանյան — Իրավիճակը, անկասկած, չափազանց բարդ է, բայց ես չեմ կարծում, որ 2020 թվականի աշնանից հետո Ադրբեջանը պատրաստվում է նոր լայնածավալ ռազմական գործողությունների: Ներկայիս իրավիճակում Ադրբեջանը կրակ է բացում դաշտերում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ավելին, նրանք հակված են նախապատվություն տալ փոքրամասշտաբ լոկալ գործողություններին, որոնք մարդկանց պահում են մշտական լարվածության ու վախի մթնոլորտի մեջ՝ կապված հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հետ:

Շրջափակումն ունի ինչպես մարդասիրական, այնպես էլ տնտեսական ազդեցություն։ Ռազմական սպառնալիքը, ըստ էության, նպատակ ունի մեզ վրա հոգեբանորեն ազդելու: Սակայն ես համոզված չեմ, որ նրանք հակված են ռազմական սցենարի։ Մեզ հնազանդեցնելու համար նրանք տարբեր մարտավարություններ են ձեռնարկում՝ հիբրիդային պատերազմ մղելով տարատեսակ ճակատներում՝ տեղեկատվական, հոգեբանական, բարոյական, տնտեսական, և ներգրավելով բազմաթիվ այլ գործոններ: Նրանք հումանիտար ճգնաժամն օգտագործում են իբրև զենք՝ քաղաքական նպատակներին հասնելու համար։ Սննդի հարցն է որպես գործիք օգտագործվում մեր դեմ։

2020 թվականի ռազմական գործողությունը ժամանակային առումով շատ լավ հաշվարկված էր: Միացյալ Նահանգներում ընտրություններ էին, աշխարհում համաճարակ էր, Թուրքիան էլ ամբողջությամբ կանգնած էր նրանց թիկունքին։ Այսօր մենք այլ իրականության մեջ ենք։

Ադրբեջանը կարծում է, թե արդեն տիրացել է Արցախին և այժմ ձգտում է հետագա էքսպանսիայի: Նրանց հայտարարություններով՝ Արցախն արդեն իրենց է պատկանում (Ալիևի խոսքով` հարցը լուծված է), բայց ցանկացած ներխուժում այստեղ՝ 30.000 երեխաների դեմ, իրավիճակն առավել կսրի։ Նախագահ Ալիևի մակարդակով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են հնչեցվել։ Հետևաբար, նրանք, ովքեր կարծում են, թե Ադրբեջանը ցանկանում է միայն Արցախը, չարաչար սխալվում են։ Նրանց վերջին ագրեսիվ գործողությունները հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ հակառակն են ապացուցել։ Ալիևը խորապես համոզված է, որ ինքը մշտապես անպատիժ է մնալու, ինչն էլ ստիպում է նրան դիմելու ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման։ Ամենօրյա ռեժիմով նրանց լրատվամիջոցները հիմք են նախապատրաստում սրա համար։ Վաղ թե ուշ, նրանց անհագ ախորժակը՝ տիրանալու ավելիին ու ավելիին, ի վերջո շրջվելու է հենց իրենց դեմ:

Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն աշխարհում լավագույն կերպով կառավարվող երկիրը չէ։ Միջին վիճակագրական հայն ավելի լավ է ապրում, քան միջին վիճակագրական ադրբեջանցին՝ չնայած այդ երկրի նավթագազային հարստությանը։ Արցախն Ալիևին ապահովում է ներքին համախմբման խաղաթղթով, որը ինչ-որ առումով ամրապնդում է նրա իշխանության ազդեցությունը: Այնուամենայնիվ, այդ հաշվարկն արդարացված է միայն այն դեպքում, եթե հաշվի են առնված այնպիսի նշանակալի գործոններ, ինչպիսին Իրանն է: Ընդհանուր առմամբ, եթե ինչ-որ բան սխալ է ընթանում, ապա այն կարող է չափից դուրս սխալ ընթանալ, և դա նրանց ձեռքում չէ: Չեմ կարծում Ալիևը կգնա այդ ռիսկին։
Իհարկե, նրանք կշարունակեն ճնշումը՝ առավելագույնս օգուտ քաղելու համար, և ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նկատմամբ: Միգուցե ես սխալվում եմ, բայց այդպես եմ կարծում։

Caucasus Watch — Շատ միջազգային վերլուծաբաններ Արևմուտքում կարծես թե հավատում են, որ Սևանա լիճը և Սյունիքը «ճնշման կետեր» են, և որ Ադրբեջանի իրական «մրցանակը» Ղարաբաղն է։ Ձեր կարծիքով, կարծես թե հակառակն է՝ Ղարաբաղն է Հարավային Հայաստանում զիջումներ ստանալու «ճնշման կետը»։

Ռուբեն Վարդանյան — Արևմուտքում շատ վերլուծաբաններ հավանաբար կարծում են, թե Բաքվի և Անկարայի հիմնական նպատակը Արցախն է: Անկարան և Բաքուն սխալմամբ կարծում են, որ իրենք վերահսկողություն են հաստատել Արցախի վրա վրա, և նրանց ռազմավարական ուշադրությունը հիմա կենտրոնացած է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վրա։ Սակայն նրանք թերագնահատում են Արցախում ապրող ժողովրդի վճռականությունը։ Նրանք դժվարությամբ են հավատում, որ ժողովուրդը կդիմադրի և կցուցաբերի ամուր կամք՝ մերժելու իրենց պայմանները։ Միաժամանակ, պետք չէ թերագնահատել Սփյուռքի աջակցությունն Արցախին։ Մենք միայնակ չենք մեր այս ջանքերում: Արցախը Սփյուռքի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն, որ Սփյուռքը տասնամյակների շարունակ տարատեսակ միջոցներով աջակցել է Արցախին, դրա վառ ապացույցն է։

Caucasus Watch — Արդյոք հիմա՞ր հարց է, եթե հարցնեմ՝ «որտե՞ղ եք տեսնում Ղարաբաղը 20 տարի հետո»:

Ռուբեն Վարդանյան — Ամենևին։ Մենք ստեղծել ենք շարժում, որը մշակել է «Արցախ-2035» տեսլականը։ Իհարկե, ոչինչ հեշտ չի լինում։ Մենք նպատակ ունենք ապրելու մեր սեփական հայրենիքում, և այս նպատակին հասնելու մի քանի հնարավոր սցենարներ կան: Իհարկե, դա դժվարին ճանապարհ է՝ լի խոչընդոտներով, բայց մենք ոգեշնչվում ենք համաշխարհային պատմությունից և նմանօրինակ դեպքերից, որոնք ցույց են տալիս, որ նման շարժումները կարող են տևել տասնամյակներ շարունակ: Մենք պատրաստ ենք անցնելու այս ճանապարհը մեծ վճռականությամբ և հաստատակամությամբ:
Մեր տեսլականը մեր հայրենիքը պաշտպանելն է։ Մեր կողմից ես տեսնում եմ այստեղ մնալու և դիմադրելու մեծ վճռականություն։ Հայաստանի իշխանության փոփոխությունը կարող է քաղաքականապես սերտացնել Հայաստանի և Արցախի միջև կապերը։ Ավելի մեծ ներգրավվածություն կարող է լինել նաև միջազգային դերակատարների կողմից: Հետևաբար, առաջին սցենարը, որը մենք համարում ենք միանգամայն հնարավոր՝ առաջիկա 30-50 տարիների կտրվածքով, ստատուս քվոյի պահպանումն է:

Դա երկու կողմից էլ աջակցություն կստանա․ մի կողմից, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է տեղի բնակչությունը համաձայնել ապրել Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն։ Մյուս կողմից, ճնշված Արցախը, որը կցանկանար միավորվել Հայաստանի հետ, Ալիևի ռեժիմի համար շատ օգտակար «թրիգեր» է՝ «հավերժ ազգային արտակարգ իրավիճակի» տեսանկյունից։ Այնուհանդերձ, միավորման երազանքը շարունակում է գոյություն ունենալ։ Եթե այս հետևությունները պահպանվեն, ապա նոր «նորմալը» կլինի պարբերաբար տեղի ունեցող բախումները՝ հարաբերական կայունության դադարներով: Մենք դինամիկ կերպով պահպանելու ենք այս ստատուս քվոն։

Տարբեր շրջանակներում այլընտրանքային տարբեր սցենարներ են դիտարկվում, որոնք դուրս են գալիս ստատուս քվոյի պահպանման սահմաններից, այդ թվում՝ Արցախի ինտեգրումը Ռուսաստանին՝ արբանյակի տեսքով: Ռուսաստանն այսօր Արևմուտքի հակառակորդն է, ինչն էլ ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես է Արևմուտքը տեսնում Արցախն այս սցենարում։ Բայց մենք խոսում ենք 20 տարի հետոյի մասին։ Արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի մնալ Արևմուտքի հակառակորդը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Ուստի, այսպես թե այնպես, Ռուսաստանի և Արևմուտքի միջև այդ տեղաշարժով կփոխվի նաև Արցախի ճակատագիրը։

Երրորդ սցենարը ենթադրում է «միջազգային մանդատ» կամ արտաքին ուժերի միջամտություն՝ անվտանգության որոշակի երաշխիքների ապահովմամբ։ Հարավային Կովկասը Արևմուտքի և մնացածների կողմից մշտապես դիտվել է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի: Արևմուտքը Ռուսաստանին է պատվիրակել Հարավային Կովկասի անվտանգությունը։ Այդ իրավիճակը հիմա կարող է փոխվել: Իրանը, ամենայն հավանականությամբ, կշարժվի տարածաշրջանում ադրբեջանա-իսրայելական դաշինքը հավասարակշռելու ուղղությամբ: Հիշեցնեմ Ձեզ, որ Իրանն այսօր ավելի լավ հարաբերություններ ունի Անկարայի (ՆԱՏՕ-ի անդամ), քան Բաքվի հետ։ Եթե Իրանը դառնա Կովկասում անվտանգության երաշխավոր… Ինչպե՞ս կարձագանքի դրան Արևմուտքը:

Այդուհանդերձ, շատ կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, որ ապագան մեր ձեռքերում է: Մենք պարզապես չենք կարող մի կողմ քաշվել ու քննարկել ուրիշների սցենարները. մենք պետք է ձևակերպենք մեր սեփական ծրագիրն ու նարատիվը: Կարծում եմ, որ առաջնային խնդիր է պատասխանատվություն ստանձնելը և մեր ապագան ինքներս ձևավորելը։ Մի կարևոր դիտարկում․ Հայաստանը և Արցախը կարող են լինել երիտասարդ ժողովրդավարական երկրներ, բայց նրանք դեռևս ժողովրդավարություններ են, որոնք մխրճված են ավելի հզոր Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև: Հայերը կամովին չեն ենթարկվեն իրենց հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանափակմանը կամ իշխանությանը՝ առանց արժանապատիվ դիմադրություն ցույց տալու։

Բայց շատ կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, որ ապագան իրենց ձեռքերում է։ Եվ որ իրենց գործողություններով կարող են ազդեցություն ունենալ այս սցենարների վրա. իսկապես, նրանք կարող են պնդել և հասնել սեփական սցենարի իրականացմանը։

Caucasus Watch — Ամփոփենք, ուրեմն, հավանական է երեք սցենար՝ կամ ստատուս քվոյի պահպանում՝ Հայաստանի հետ վերջնական միավորման հեռանկարով, կամ Ռուսաստանի «արբանյակացում», կամ միջազգային մանդատ, ենթադրաբար, ինչպես Պաղեստինի կարգավիճակը մինչև Իսրայել պետության ստեղծումը:
Ռուբեն Վարդանան — Այո՛։
Caucasus Watch — Կա ևս մեկ սցենար, որին Դուք չեք անդրադարձել։ Շրջափակումը կամ պաշարումը խնդրի լուծման բռնի ձև է: Ինչո՞ւ չի դիտարկվում Ղարաբաղի հայ բնակչության բռնի ուժով տարհանումը։

Ռուբեն Վարդանյան — Տարբեր սցենարներ են առաջ քաշվում, այդ թվում՝ ցեղասպանության, բռնի տեղահանության և տարհանման տարբերակները: Մեր պարտքն է գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու այդ սցենարները։ Ես վերլուծաբան չեմ, այլ ավելի շուտ՝ առաջնորդ: Մեր նպատակն է համախմբել մարդկանց և ռեսուրսները՝ կենսունակ և հասանելի սցենարների շուրջ: Մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ միաժամանակ ձգտելով ամեն ինչ անել դրանք կանխելու համար: Փոխարենը՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է այն ամենի իրագործման վրա, ինչը հնարավոր է արցախցիների համար։ Կրկին շեշտեմ, մենք միայնակ չենք, մենք ունենք Սփյուռքի աջակցությունը, ներառյալ լոբբինգը, քաղաքացիական շարժումները և այլ ակցիաները:

Caucasus Watch — Այսպիսով, այն, ինչ Դուք ասում եք՝ ներառում է կանխավարկած, որ դուք պատրաստվում եք դիմադրության՝ նույնիսկ բռնության սցենարով:

Ռուբեն Վարդանյան — Միանշանակ՝ այո՛։ Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից:

Եվ այստեղ արժե մի հանգամանք նշել. երբ դիմադրության ուղերձը հստակ է, և ազգը կանգնած է դրա թիկունքին, անսպասելի աջակցություն ստանալու հնարավորություններ ստեղծվում են: Հենց որ մենք հստակորեն գիտակցենք մեր իրավունքների համար պայքարելու մտադրությունը, համոզված եմ, կկարողանանք օգտվել աջակցության հնարավորություններից։ Պետք չէ նայել միայն Արևմուտքին կամ Ռուսաստանին։ Մենք պետք է աշխատենք բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Արևելքի հետ, և այնպես անենք, որ այս գործակցային հարաբերություններն ու դաշինքները հնարավորինս ծառայեն մեր շահերին։

Վճռական լինելով մեր իրավունքների համար պայքարելու մտադրության հարցում՝ ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ աջակցության այս հնարավորությունները: Որոշակի հանգամանքներում հակառակորդները կարող են անգամ համագործակցել, և մենք կարող ենք ձգտել նման վայր դառնալ:

Բիրտ ուժի կիրառումը (սա այն է, ինչ անում է Ադրբեջանը) վեճերի լուծման միջոց է եղել 19-20-րդ դարերում։ Միգուցե ես սխալվում եմ, և դա ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միջոց է, բայց Արևմուտքում ամրապնդվում է կոնսենսուս (առավել ևս Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո), որ ռազմական ուժը հակամարտությունների կարգավորման հնացած միջոց է: Այն ոչ միայն իրավաբանական, բարոյական տեսանկյունից է անընդունելի, այլ նաև «խանդավառություն առաջացնելու» տեսանկյունից է հնացած: Պարզապես դիտեք «Արևմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը. արդյոք 21-րդ դարում խրամատային պատերազմի համար տե՞ղ կա:
Եւ այսպես, կան երեք տարրեր, որոնք պետք է միավորվեն.

Առաջին՝ դիմադրելու և մեր իրավունքների համար պայքարելու ցանկությունը պետք է ավելի հստակորեն ձևակերպվի՝ և՛ մեր ներքին ճակատը համախմբելու, և՛ աշխարհում մեզ ավելի հստակորեն դիրքավորելու համար:
Երկրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք համաշխարհային ստատուս քվոյի վերափոխմանը և պատրաստ լինենք նոր սպառնալիքներին դիմակայելու և նոր հնարավորություններից օգտվելու։
Երրորդ՝ մենք պետք է սկսենք խոսել Ադրբեջանի հետ, եթե նույնիսկ չենք բանակցում նրա հետ։ Անհրաժեշտ է Ադրբեջանին հասկացնել, որ նա չափից շատ է խաղարկում իր «ուժեղ ձեռքը»։ {Նախագահ} Ալիևը փորձում է առավելագույնի հասցնել իր կարճաժամկետ օգուտները՝ չմտածելով երկարաժամկետ հեռանկարի մասին: Ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 20 տարի հետո: Երկիրը, որը բացառապես կախված է նավթի ու գազի եկամուտներից, շուտով կարող է հայտնվել բազմակողմանի ճգնաժամի առջև: Շատ չկենտրոնանալով այս թեմայի վրա, կարծում եմ, որ նա իր ներկայիս հզորությունը խելամտորեն չի օգտագործում:

Caucasus Watch — Այժմ կա երեք բանակցային սեղան՝ Վաշինգթոնում, Բրյուսելում և Մոսկվայում։ Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձևակերպումը, ի՞նչ եք կարծում՝ գոյություն ունեցող ձևաչափերից որևէ մեկում Ղարաբաղը տեղ ունի բանակցային սեղանի շուրջ:

Ռուբեն Վարդանյան — Ձեր հարցի մեջ կան երկու տարբեր բաղադրիչ։ Առաջին՝ հարցն այն է, թե արդյոք Արցախը կարող է դառնալ բանակցային կողմ։ Անհրաժեշտ է, որ մենք վերադառնանք բանակցային սեղանի շուրջ, ինչպես դա եղավ 1994-ի հրադադարից հետո: Հետագայում մենք դուրս մնացինք բանակցություններից, մինչդեռ բոլոր զարգացումները փաստում են, որ մեր ճակատագիրը չի կարող առանց մեզ որոշվել:
Երկրորդ բաղադրիչն աշխարհագրական է, և Արցախն այդտեղ որևէ ազդեցություն չունի։ Ադրբեջանը, ըստ էության, չի ցանկանում բանակցել Արցախի ապագայի շուրջ։ Նրանք ուզում են ամրապնդել ստատուս քվոն ու շրջել այդ էջը։ Նրանք ասում են՝ սա մեր ներքաղաքական օրակարգն է, կա՛մ ընդունեք, կա՛մ հեռացեք։ Հետեւաբար՝ նշանակություն չունի, թե որ «մեծ խաղացողն» է քննարկումներ ունենում Ադրբեջանի հետ, քանի որ Բաքվի համար Արցախի հարց գոյություն չունի։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները կանգնած չեն Արցախի կողքին։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ «մենք չենք ներկայացնում Արցախը», և դա թույլ դիրքորոշում է։ Սա վակուում է ստեղծում՝ հարց առաջացնելով՝ «իսկ ո՞վ է ներկայացնում Արցախը»։ Պատասխանը հետեւյալն է՝ Արցախը պետք է ի վիճակի լինի ինքն իրեն ներկայացնելու։ Սա է միակ ճանապարհը։
Caucasus Watch — Եթե ես ճիշտ եմ հասկանում Ձեր փաստարկի էությունը, Դուք նաև պնդում եք, որ դա խնդիր է Ադրբեջանի համար, որովհետև Բաքուն պնդում է, որ իրենք ցանկանում են ապրել «իրենց քաղաքացիների հետ»։ Ես ճի՞շտ եմ հասկանում։

Ռուբեն Վարդանյան — Այո՛, վերջին հաշվով, մենք պետք է համաձայնության գանք երաշխավորի շուրջ, որը մեզ՝ Արցախում ապրողներիս, որոշակի վստահություն կտա, որ ինչ համաձայնություն էլ ձեռք բերվի, այն կհարգվի։ Առանց երաշխավորի այս համաձայնագիրն անիմաստ կլինի, քանի որ մյուս կողմը կարող է իրականում թքած ունենալ այդ ստորագրության վրա: Բայց մենք պետք է նաև գիտակցենք՝ հնարավոր է, որ երաշխավորները ոչինչ էլ չանեն, երբ դու բավականաչափ ուժեղ չես, որ տեր կանգնես սեփական իրավունքներիդ:

Caucasus Watch — Այո՛, բայց հաշվի առնելով ուկրաինական պատերազմի գործոնը, ի՞նչը կարող է բավարար երաշխիք համարվել: Ուկրաինային տրվել է երաշխիք, որի հիման վրա հանվել է միջուկային զինանոցը։ Այս պարագայում կա՞ նման բան՝ որպես բավարար միջազգային երաշխիք։

Ռուբեն Վարդանյան — Լավ դիտարկում է: Ուկրաինայի համար եղել է Մինսկի համաձայնագիրը, որն այս կամ այն կերպ խախտել են բոլոր կողմերը։ Ուստի, երաշխիքը իրականում կարող է երաշխիք չապահովել, նույնիսկ եթե այն տրվում է: Երաշխավոր կարող է լինել մի երկիր, մի քանի երկրների կոնգլոմերատ, միջազգային որևէ կառույց։ Դժվարը երրորդ կողմին գտնելն է ու մեխանիզմը տեղում գործարկելը։ Եթե դա ժամանակին չկատարվի, ապա ցեղասպանություն կիրականացվի, չնայած նրան, որ պետությունները, որոնք Ցեղասպանության մասին կոնվենցիայի անդամ են, ստանձնել են Ցեղասպանությունը կանխելու պարտականություն: Հիշեցնեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, ըստ որի՝ անդամ պետությունները չպետք է «սպասեն մինչև կսկսվի Ցեղասպանության իրականացումը», և «պարտավորության ամբողջ իմաստն այն է, որ կանխվի կամ փորձ ձեռնարկվի կանխելու այդ գործողության իրականացումը»:

Please enter a valid URL