Search
Close this search box.

«Հրապարակ»․ Ռուս լրագրողն ադրբեջանական լրատվամիջոցի համար Հայաստանում նյութեր է հավաքել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրերս ադրբեջանական պետական հեռուստատեսությամբ` Baku TV-ով, հերթական ռեպորտաժն է պատրաստվել Հայաստանում գործող հանքերի եւ դրանց պատճառած վնասների վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցը ներկայացրել է, թե Սյունիքում գործող հանքերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման հանքը, էկոլոգիական ինչ աղետալի վիճակի են հանգեցնում, այդ հանքավայրերի պոչամբարները հին տեխնոլոգիաներով են աշխատում, ուստի թունավորում են թե՛ Հայաստանը, թե՛ տարածաշրջանը։

Ավելի վաղ, հիշեցնենք, Ադրբեջանում գործող ինչ-որ «բնապահպանական» ՀԿ-ներ էին հայտարարություն տարածել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով նախ փակել Հայաստանում գործող հանքավայրերը, ապա նաեւ իրենց թույլ տալ այդ հանքավայրերում ստուգումներ անցկացնել։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից կուրս է վերցվել՝ ամեն գնով վնասել մեր տնտեսությանը, թույլ չտալ, որ արդյունաբերական ձեռնարկություններն աշխատեն, եւ դա փորձում են անել էկոլոգիական աղետի մասին միջազգային հանրությանն ահազանգելով` շատ լավ իմանալով, որ աշխարհն էկոլոգիական խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան սովամահ լինող մանուկների մասին ահազանգերին:

Baku TV-ի պատրաստած ռեպորտաժում ամենատարօրինակն ու վտանգավորն այն էր, որ հայ փորձագետները եւս քննադատում էին հանքի գործունեությունը, իսկ Կապանի, Քաջարանի բնակիչները բողոքում էին հանքի շահագործումից, պատմում, որ թունավոր օդ են շնչում եւ այլն։ Այսինքն՝ ադրբեջանական քաղաքականությունը փորձում են իրականացնել հայերի ձեռքով եւ աջակցությամբ:
Որպես փորձագետ՝ ադրբեջանական լրատվամիջոցում հանդես էր եկել նաեւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչու եւ ինչպես է ադրբեջանական լրատվամիջոցին հարցազրույց տվել նա։ Զարաֆյանը մեզ ասաց, որ պատրաստվում է նամակ ուղարկել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ «Ես հիմա նամակ-դիմում եմ պատրաստում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ այդ նյութի վերաբերյալ, որովհետեւ մենք կարծում ենք, որ Նատալյա Խախլովան եղել է Ադրբեջանի գործակալ եւ Հայաստանում այդ դերակատարությունն է ունեցել։ Ե՛վ Նատալյա Խախլովան, ե՛ւ նրա ներկայացրած «Բլոկնոտ․ru»-ն։ Եթե Դուք ծանոթանաք այդ նամակին, ապա այլ հարցեր կտանք, ես պատրաստվում եմ այդ նամակն իմ էջում դնել»,- պատասխանեց Զարաֆյանը։ Խախլովան այն լրագրողն է, ում հարցազրույց է տվել տիկին Զարաֆյանը:

Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանական լրատվամիջոցը Հայաստան է ուղարկել ռուս լրագրողի, որպեսզի փորձագետներից հարցազրույցներ վերցնի եւ տրամադրի ադրբեջանական լրատվամիջոցին՝ վերջիններիս տեղյակ չպահելով, թե ինչ լրատվամիջոցում եւ ինչ նպատակով է օգտագործվելու նրանց խոսքը։ Իսկ ադրբեջանական հեռուստաընկերությունն իր պատրաստած ռեպորտաժի վերջում հետեւյալ եզրահանգումն է անում․ «Մինչ Հայաստանը փորձում է ցույց տալ, որ պայքարում է Ղարաբաղի հայալեզու համայնքի իրավունքների համար, Հայաստանի տարածքում թունավորում ու սպանում է իր քաղաքացիներին»։

Նկատենք, սակայն, որ այս պահին անգամ ռուսական կամ որեւէ այլ հեռուստաընկերությամբ հեռարձակվող նման նյութը կվնասեր ՀՀ տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը, որը Հայաստանի հարկերի մեծ մասն է ապահովում: Ակնհայտ է, որ ադրբեջանական քարոզչությունը փորձում է օգտագործել մեր երկրի դեմոկրատական ազատությունները եւ ՀՀ բնապահպանների` այլ պայմաններում շատ բնական դժգոհությունները ծառայեցնել իր շահերին:

Please enter a valid URL