«Հրապարակ» թերթը գրում է. Մի քանի օր է՝ Արցախի եւ Հայաստանի քաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը։ Հարությունյանին մոտ կանգնած մարդիկ նախօրեին մեզ հավաստիացրել էին, թե հրաժարական չի լինելու: Սակայն միաժամանակ պարզեցինք, որ դա ամենեւին չի նշանակում, թե Արցախի նախագահը նման մտադրություն չի էլ ունեցել, գուցե ունի նաեւ այժմ, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հետ է կանգնել որոշումից։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ շաբաթվա սկզբին Արայիկ Հարությունյանն իր մոտ է հրավիրել Արցախի քաղաքական էլիտային, խորհրդարանական ուժերի ղեկավարներին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ ավելի քան չորս ժամ քննարկում է ունեցել։ Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ-ից ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն ու խմբակցության ղեկավար Արթուր Մոսեյանը, ԱԺԿ նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը, Արթուր Թովմասյանը եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունից մի քանի պատգամավոր։ Արցախի նախագահը հանդիպման հրավեր չի ուղարկել միայն խորհրդարանական «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ում քաղաքական կուրսի հետ ակնհայտ անհամաձայնություններ ունի եւ նպատակահարմար չի գտել Բաբայանի ներկայությունն այդ հավաքին։ Ո՞րն է եղել հանդիպման նպատակը։
Պարզվում է՝ Արայիկ Հարությունյանը հոգնել է նախագահի պաշտոնի բեռից եւ որոշել է հրաժարական ներկայացնել, բայց մինչ դա անելը ցանկացել է այդ մասին տեղեկացնել քաղաքական ուժերին եւ Արցախի ճակատագրով մտահոգ պետական գործիչներին, որպեսզի նաեւ համատեղ հասկանան, թե ինչ պետք է անեն իր հրաժարականից հետո։ Արայիկ Հարությունյանն իր հյուրերին փոխանցել է, որ որոշել է մինչեւ շաբաթվա վերջը հրաժարական տալ, քանի որ ինքն այլեւս անկարող է ինչ-որ բան անել Արցախի համար, որտեղ իրավիճակն Ադրբեջանի 8-ամսյա շրջափակումից հետո ժամառժամ սրվում է, իսկ օրերս 40-ամյա տղամարդու սովամահության դեպք գրանցվեց։
Նա ներկաներին խնդրել է ըմբռնումով մոտենալ իր որոշմանը, չփորձել համոզել, ինչ-ինչ փաստարկներով, քանի որ ինքն այլեւս չի կարող այսպես անզոր պաշտոնավարել՝ տարբեր կողմերից էլ թուքումուր ուտել։ Իսկ ամենաուշագրավը` Հարությունյանը վստահեցրել է, թե որոշումը քննարկել է նաեւ ՀՀ իշխանությունների հետ` ոչ մի խնդիր չկա, ինչպես նաեւ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությանն է տեղյակ պահել։
Հարությունյանն ասել է, որ իր գործառույթները, ըստ օրենքի, կանցնեն Դավիթ Իշխանյանին` ԱԺ նախագահը, գործող Սահմանադրությամբ, նախագահի հրաժարականի կամ վերջինիս՝ լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում ստանձնում է պետության գլխի գործառույթները։
Հարությունյանի հայտնած նորությունը սառը ցնցուղ է եղել ներկաների համար, չնայած վերջին ամիսներին սա առաջին դեպքը չէ, որ Հարությունյանը նման ցանկություն է հայտնում` Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության օրերին եւս նա նման ցանկություն ուներ, սակայն Արցախի նախկին նախագահները նրան համոզել են, որ դա լի է Արցախի համար վտանգավոր հետեւանքներով, եւ ստիպել, որ հրաժարվի իր մտադրությունից։ Այո, Սահմանադրությունը փոխարինողի գործառույթներ է նախատեսում, բայց չկա երաշխիք, որ Ադրբեջանը միջոցներ չի ձեռնարկի, որպեսզի Արցախն անիշխանության մեջ թողնի։
Հատկապես Բակո Սահակիչն է նախատել Հարությունյանին, թե` գնացող էիր, պատերազմից առաջ գնայիր, այլ ոչ թե հիմա, երբ Արցախում ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակ է, իսկ այս պահին հրաժարականը կնշանակի փախուստ խնդիրներից։ Դավիթ Իշխանյանն էլ է ընդվզել, թե նման իրավիճակում ո՞վ ասաց, որ ինքն ուզում է պետության գլխի գործառույթներ ստանձնել։ Ռուբեն Վարդանյանն ու մյուսներն էլ Արայիկ Հարությունյանին բացատրել են, որ իր հեռացումը ոչ միայն Արցախի, այլեւ սեփական անձի համար անվտանգային լուրջ խնդիրներ կարող է ստեղծել, քանի որ 120 հազար մարդու ճակատագիրը կարող է մեկ որոշումով փոխվել։ Մի քանի ժամ տեւած քննարկումից հետո Արայիկ Հարությունյանին համոզել են հետ կանգնել իր որոշումից։ Մեզ ասացին, որ հանդիպումից մեկ օր հետո էլ են նախկին նախագահները կրկին զրույց ունեցել Հարությունյանի հետ եւ բացատրել, որ եթե իր որոշմանը ՀՀ իշխանությունը դեմ չէ, դա արդեն իսկ նշանակում է, որ այն Արցախի համար լավ տեղ չի տանի։
Չնայած Հարությունյանը հետ է կանգնել հրաժարականի որոշումից, սակայն Արցախում կարծում են, որ չկա երաշխիք, որ ինչ-որ պահի նա կրկին նման ցանկություն չի ունենա։ Ուստի քննարկմանը նաեւ անդրադարձել են օրենսդրական ճանապարհով առաջիկայում նրա հեռանալու խնդիրը կարգավորելու հարցերին։