Search
Close this search box.

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը եւ տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարեւան երկրների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավել չվերթ է իրականացվել։

Այն ժամանակ թռիչքների մոտեցման եւ վայրէջքի, ինչպես նաեւ վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։

Սակայն այն բանից հետո, երբ 2020 թվականին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որի մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով:

Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը եւ տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարեւան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարեւան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել:

Նշենք նաեւ, որ սույն թվականի օգոստոսի 19-ին, Կապան քաղաքի օրվա կապակցությամբ, ՆովԷյր ավիաընկերության L-410 տիպի քաղաքացիական օդանավով իրականացվելու է ուղեւորափոխադրում Երեւան Կապան Երեւան երթուղով»,- ասվում է հաղորդագրությունում:

Please enter a valid URL