Երեխային կտտանքների ենթարկած մայրը ձերբակալվել է, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն եւ սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերը (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, առանձին դաժանությամբ, հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով) եւ 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է կատարվել է մերձավոր ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է եղել երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, ինչպես նաև զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով) հատկանիշներով։
Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու եւ երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։
ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի:
Հիշեցնենք, որ համացանցում սահմռկեցուցիչ տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչպես է մայրն իր անչափահաս դստերը խոշտանգում: Կինը, որը 5 երեխաների մայր է, ծեծի է ենթարկում եւ նվաստացնում դստերը իր մյուս երեխաների աչքի առջեւ, ավելին՝ մասնակից դարձնում նրանց՝ քրոջ խոշտանգման համար: Տարածված տեսանյութից հետո ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել կնոջը Ոստիկանության կենտրոնի բաժին:
Նշենք, որ երեխաների հայրը՝ Թաթուլ Մադաթյանը, այս տարվա փետրվարին կալանավորվել է՝ երեխային բռնաբարելու համար: Մայրը նույնպես դատապարտված է եղել տարիներ առաջ՝ սուտ մատնության համար։