Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քո պատճառով գերեզմшններnւմ ենք քնnւմ». Դատարանում իրավիճակը լարվեց, ընդմիջում հայտարարվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր օգոստոսի 17-ին, 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով տուժողի հարցաքննության ընթացքում միջադեպ գրանցվեց:

Պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հարազատը հարց ուղղեց տուժողին, որը իր որդու հետ շրջափակման մեջ է եղել, թե արդյո՞ք իրենք ի վիճակի էին մարտի դաշտ գնալու:

Տուժողն ասել է, թե մարտունակ են եղել զինծառայողները, նաեւ շեշտել, որ ինքը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը:

Ծնողները բորբոքվեցին, նշելով, որ իրենց որդիները նույնիսկ զինվորական երդում չէին տվել, եւ կրակային մարզանքներին չէին մասնակցել, ինչպե՞ս է ստացվում, որ իրենք կարող էին կռվել:

Այդ վիճաբանությունից հետո զոհվածի հայրը բորբոքվեց, եւ, դիմելով մեղադրյալ Վահանյանին, ասաց. «Էս անասունի երեսից գերեզմաններն ենք քնում: Դու պետք է իմ նման տանջվես»:

Իրավիճակը կտրուկ լարվեց այն բանից հետո, երբ զոհվածի ծնողի խոսքին ի պատասխան Վահանյանը արձագանք տվեց:

Ոստիկանները դուրս հրավիրեցին զոհվածի ծնողին եւ դատարանը հայտարարեց ընդմիջում:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

Please enter a valid URL