Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ։ Ուստի, Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ Վ. Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում իրականացրել է հանցագործություն», չի համապատասխանում իրականությանը: Այդ հանգամանքը հաստատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված և վերլուծված տեղեկատվությունը, որը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Վ. Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված և հաստատված տեղեկությունների համաձայն՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս ազատությունից զրկումն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության և թշնամանքի քարոզը՝ ուղղված նաև Վագիֆ Խաչատրյանի և նրա հարազատների նկատմամբ:
Այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Ընդ որում, ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվության միջոցները և պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։
Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված ամբողջական տեղեկատվությունն ուղարկվել է իրավասու մարմիններին և միջազգային գործընկերներին: