«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ընտրությունների ակտիվ դերակատարները չեն փոխվում, փոփոխվում են միայն իշխանությունները եւ նրանց կապող օղակները: Սա նույնն է, որ նախկին ընտրակեղծարարներն ու նրանց շրջապատը հիմա էլ իշխող ՔՊ-ի համար են ջանք գործադրում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սուրեն Ներսիսյանը, որը Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության քարտուղարն էր, Հայաստանը լքել է: Մինչ այդ հասցրել է իր բարեկամ, սանիկ Լեւոն Զաքարյանին տեղավորել Երեւանի ավագանու կազմում՝ արդեն այսօրվա իշխող «Իմ քայլը» կուսակցության դաշինքով։
Հիշեցնենք, որ Սուրեն Ներսիսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Երեւանի թիվ 9/18 ընտրատեղամասում ուղղորդել է ընտրողներին։ Նա, նախ, եղել էր ընտրատեղամասում, ապա տեղամասի բակում կանգնած քաղաքացիներին ուղղորդել էր քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Իմ քայլ»-ից Լեւոն Զաքարյանի հետ՝ պարզելու՝ քավոր-բարեկամ Սուրեն Ներսիսյանի հետ նախկինում եւ հիմա ինչպես է ընտրություններ կազմակերպել: «Իմ քայլ»-ից Լեւոն Զաքարյանը շտապեց
հերքել քավոր-սանիկ հարաբերությունները իր եւ Ներսիսյանի միջեւ՝ ասելով, որ Ներսիսյանը իրեն ոչ հարազատ մորաքրոջ ամուսնու եղբայրն է։
«Գրեթե 6-7 տարի է՝ այդ մարդու հետ չեմ շփվում, իր մասին էլ տեղեկություն չունեմ»,- իրենից հեռացրեց նախկինում հպարտության էտալոնին:
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա փաստացի նախկինում՝ «հին իշխանությունների» համար, այսօր էլ ՔՊ-ի համար ձայներ հավաքող Լեւոն Զաքարյանը կանխատեսեց, որ սեպտեմբերի 17-ի Երեւանի ավագանու ընտրությունները բաց ու թափանցիկ կլինեն:
Պատճառը, ըստ Զաքարյանի, այն է, որ հեղափոխությունից հետո Երեւանում տեղի ունեցած 3 ընտրության, համապետական 2 ընտրության ժամանակ գրեթե որեւէ լուրջ բողոք չի եղել։ Սա մեծ վստահություն է տալիս, որ այս անգամ էլ կեղծիքներ չեն լինի։
Նկատենք, որ նախկին իշխանությունները ճիշտ այսպիսի պատասխաններ էին տալիս:
Հավելենք նաեւ, որ Արթուր Ուղանոսյանն էլ, որը այժմ զբաղեցնում է Սուրեն Ներսիսյանի կարգավիճակը, դարձյալ նախկին իշխանության հետ բազում թելերով կապված է. Գագիկ Բեգլարյանի հավատարիմներից է եղել:
Մի խոսքով, այսօր ՔՊ-ն օգտվում է համատիրության ընտրակեղծարարների ծառայություններից:
Ասել է թե՝ ոչինչ չի փոխվել ՀՀ-ում, պարզապես հեղափոխականներն են «նախկին» դարձել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում