ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անքակտելի արժանապատվության և հավասար իրավունքների ճանաչմամբ։
Իրավունքներ և արժանապատվություն, որոնք աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն են։ Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով և արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով և հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ։ Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման, պաշարման մեջ»,- ասաց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանը ջանք չի խնայել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար, սակայն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև անդին։
Միրզոյանը մեջբերեց տարբեր երկրների, միջազգային կառույցների եզրակացությունները, նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։
«Այս ողջ ընթացքում Ադրբեջանի ներգրավվածությունը կարելի է բնութագրել տարբեր կերպ, բայց ոչ բարեխիղճ։ ԱԽ-ում այս հարցի առաջին իսկ քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստանձնել որևէ պատասխանատվություն իր գործողությունների համար և անգամ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը»,- հայտարարեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց վերջին 8 ամիսներին Ադրբեջանի ներկայացրած անհիմն պատրվակները՝ Լաչինի միջանցքը փակված պահելու համար՝ սկզբում էկոկտիվիստներ, հետո զենքի տեղափոխման անհիմն մեղադրանքներ և այսպես շարունակ։
«Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ, և այն չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակում»,- շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։