Search
Close this search box.

Ինչ է ասել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում

Պոլյանսկին ընդգծեց, որ ՌԴ-ն ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի արագ հանգուցալուծվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը։

Ռուսաստանն իրենից կախված բոլոր քայլերն անում է դիվանագիտական և քաղաքական մակարդակներում և տեղում` ռուսական խաղաղապահ զորքի միջոցով, որպեսզի կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ Այսօր Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը, այժմ ավելի քան երբևէ տեղում քայլեր են անհրաժեշտ թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»,- ասաց նա։
Պոլյանսկին ընդգծեց, որ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը։

«Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագ վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ»,- ասաց նա։

Ռուսաստանի ներկայացուցիչը հավելեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բոլոր հայտարարությունները ճանապարհային քարտեզ են․ այլընտրանք չկա։
«Եռակողմ համաձայնագրերի դրույթներում շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները»,- նշեց Պոլյանսկին։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակելու է ջանքերն այս ուղղությամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում»,– ասաց Պոլյանսկին։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ այս տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները` յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։
Պոլյանսկին նշեց, որ Ռուաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հուլիսի 25-ի բանակցությունների ժամանակ ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել՝ թոթափելու լարվածությունը, որոնք կողմերը հաշվի են առել։

«Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում՝ Աղդամով և Լաչինով՝ քաղաքացիական անձանց և բեռների տեղաշարժի համար, որ արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև»,- ասաց նա։

Ռուսաստանը հուսով է, որ գործընթացում քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու համար ստեղծված իրավիճակը, տևական երկխոսություն ունենալ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։ Պոլյանսկին շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմամբ ընդհանրապես։ Ըստ նրա՝ պետք է դերակատարները մի կողմ դնեն աշխարհաքաղաքական և այլ նկրտումները։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։

Please enter a valid URL