Search
Close this search box.

ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչը կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, ապրանքների և պարագաների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Հայաստանի հարցմամբ նիստը մեկնարկել է 23։00-ին։

«Ադրբեջանը շարունակում է մեկուսացման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ամբողջ աշխարհից՝ առանց որևէ իրավական պատճառի, և դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական բեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին այս իրավիճակի հետևանքները վերացնելու համար։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները »,- իր ելույթում շեշտեց Ֆրանսիայի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այս տարվա փետրվարի 22-ին հրապարակեց որոշում, ըստ որի՝ Ադրբեջանին պարտավորեցրեց իր ստանձնած պարտավորություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորություններն ու ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի մատնանշած միջոցները։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, կոչ է անում, որ անմիջապես, առանց խոչընդոտների միջազգային կազմակերպությունները, մարդասիրական և ՄԱԿ-ի կառույցները հնարավորություն ունենան աշխատել տեղի բնակչության հետ և աշխատեն Լաչինի միջանցքով»,- շեշտեց Բրոդհերսթը։

Նա հավելեց, որ Ֆրանսիան հավատարիմ է տարածաշրջանում մնայուն և արդար խաղաղության օրակարգին, ուստի կոչ է անում, որ վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված բոլոր չլուծված խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող։ Դա հնարավոր է միայն երկխոսությամբ՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի որևէ գործադրման։

«Լիովին աջակցում ենք և մասնակցում ենք միջնորդական ջանքերին, որոնք առաջնորդում է Եվրամիությունը, մասնավորապես՝ կարգավորման գործընթացին։ Մմենք կաջակցենք, որ քննարկվող բոլոր թեմաների ուղղությամբ առաջընթաց լինի, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի, սահմանագծման, մարդասիրական հարցերի և հաղորդակցության ուղիների բացման հարցերով»,- իր հայտարարության տեքստում նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչ, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում թերսնման պատճառով 40-ամյա տղամարդ է մահացել։

Please enter a valid URL