Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները պետք է լինեն ուղիղ. միջնորդավորված որեւէ բանակցություն արդյունք չի տալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
«120 հազար մարդ գերության մեջ է, սովի եզրին, իշխանությունն ասում է՝ հավասարը հավասարի պետք է բանակցենք։ Դու շատ բան կարող ես ասել, բայց քեզ ո՞վ է բանի տեղ դնում։ Պատասխանատվություն վերցրեք ձեր վրա։ Ասենք թե 2 մեքենա Աղդամով անցավ, մի 10 մեքենա էլ Լաչինով անցավ, հետո նորից փակեց ու նորից մեկ ուրիշ պահանջ դրեց, ի՞նչ է լինելու: Հարցին քաղաքական լուծում է պետք։ Դեռ ժամանակ կա, Արցախը կարող է մի քանի ամիս դիմանալ, պետք է պայքարել միջազգային հարթակներում, դատական գործընթացներ սկսել։ Այդ հանդիպումը կարող է լինել յուրաքանչյուր վայրում՝ նախօրոք մշակված փաստաթուղթն ընդունելուց հետո։ Չգիտեմ՝ Ադրբեջանը կընդունի, թե՝ ոչ, այդ ուղղղությամբ որեւէ առաջարկ իրենց չի արվել, որ հասկանանք»,- նշեց Բաբայանը։
Սամվել Բաբայանի խոսքով՝ Ռուսաստանն Արցախին կամ Երեւանին է ուղարկել իր բնութագրմամբ՝ փոքրամասնությունների ինտեգրման խայտառակ ծրագիր։
«Այդ փաստաթղթով ասենք մեզ թողնելու են, որ սպորտով զբաղվենք, մեր լեզվով խոսենք։ Ռուսաստանն ուզում է, որ իրավիճակը մնա սառեցված։ Մենք խաղալիք չենք, չպետք է ինչ-որ մեկից վախենանք, մեր լեզուն տեղն է, մեր հարցերը կարող ենք կարգավորել։ Մենք շատ ենք ապրել այդ հոգեբանությամբ՝ հանկարծ մեր ընկերոջը ոչինչ չանեմ, բայց սկզբում մենք ենք՝ նոր բոլորը»,- ասաց Սամվել Բաբայան։
Բաբայանի խոսքով՝ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունը որեւէ օգուտ չի տալու։
«Մենք փորձում ենք Ադրբեջանի հետ բանակցել, բայց նշանակում ենք դաշնակցական ղեկավարի։ Մենք ճիշտ ենք արել, որ դեմ ենք քվեարկել, ժամանակը կապացուցի։ Իսկ ովքեր կարծում են՝ դա կայունություն կբերի, լավ չեն ընկալում բառի իմաստը, դա իրականում լարվածություն է»,- ասաց Բաբայանը։