Երեկ՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարանյանի գլխավորությամբ։Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկում 11-ամսական Տիգրան Ե․-ն ծնողների հսկողությունից դուրս մնալով՝ քայլասայլակով մոտեցել է սեղանին, որի վրա դրված է եղել թեյնիկը և երեխան քաշել է այն ու թեյնիկում եղած եռացրած ջուրը թափվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ (երեխայի կյանքի անվտանգության ապահովման, կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։