Երևանի ավագանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ» մասնակցող կուսակցությունների շարքում այս անգամ ներկայացնելու ենք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանին, և նրա կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանին:
Արտակ Զեյնալյանի մասին ասելու այնքան էլ բան չկա. նա, ինչպես նախորդ բոլոր իշխանությունների դեպքում, հնազանդորեն ծառայել է դրանց, առանց թաքցնելու և քողարկելու, ծառայել և շարունակելու է ծառայել նաև Փաշինյանի իշխանությանը: Չունենալով որևէ քաղաքական և արժեքային սկզբունքներ, նա միշտ առաջնորդվել է որտեղ հաց այնտեղ կաց սկզբունքով, ինչը նշանակում է, որ ով իրեն վճարում է, նրան էլ ծառայում է:
Նախկինում ծառայում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը առողջապահության փոխնախարարի պաշտոնում, հետո Սերժ Սարգսյանի իշխանությանը, հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը` արդեն հասցրել է լինել արդարադատության նախարար: Վաղը իշխանության ղեկին կլինի Կիրակոս Կիրակոսյանը՝ կծառայի նրան:
Արամ Սարգսյանի պարագան մի փոքր այլ է: Նա էլ է ծառայել Ռոբերտ Քոչարյանին՝ նրա կառավարությունում աշխատելով վարչապետ. այն ժամանակ կառավարման համակարգը նախագահական էր, և վարչապետը ենթարկա էր նախագահին:
Բայց հետո դարձավ ընդդիմադիր, և իբրև թե սկսեց պայքարել Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ: Ավելի ճիշտ պայքարի իմիտացիա ստեղծել: Յուրաքանչյուր իշխանություն կցանկանար ունենալ Սարգսյանի նման ընդդիմադիր՝ ով մեծ մեծ խոսում է, բայց չի գործում:
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Սարգսյանը «գաղտնի» ծառայության անցավ նրա մոտ: Ինչու ենք ասում գաղտնի, որովհետև արտաքինից նա ընդդիմադիր էր, բայց առանց էնտուզիազմի, այնքան, որ պահի իր տեղը քաղաքական դաշտում`հերթապահ հայտարարություններ, հարցազրույցներ և ուրիշ ոչինչ:
Նիկոլ Փաշինյանը որոշեց՝ Արամ Սարգսյանին «լրիվ դրույքով» վերցնել աշխատանքի, թույլ չտալով, որ նա ծպտվի ընդդիմադրի կեղծ դիմակի տակ: Սարգսյանը գուցե և հանձնարարություն ստացավ ամեն ինչում պաշտպանել Փաշինյանի գործողություններն ու անգործությունը՝ լինի դա Արցախը հանձնելու հարցում, Հայաստանի տարածքներից հրաժարվելու թե Հայաստանը թուրքացնելու հարցերում:
Սարգսյանը ամեն ինչում համակարծիք է Փաշինյանի հետ, այն աստիճան, որ պետք չի լսել, թե ինչ է ասում Սարգսյանը, նա սազը ձեռքին գովում է Փաշինյանի անգամ ցանկացած հակապետական և հակահայկական գործունեություն: Հարց է առաջանում, ինչու է Նիկոլ Փաշինյանը այդքան դաժան վարվում Սարգսյանի հետ, և մինչև վերջին խազը վարկաբեկում նրան, որ նա այլևս տեղ չունենա անգամ միայնակ փողոց դուրս գալու: Պատճառը Սարգսյանի եղբայր Վազգեն Սարգսյանն է:
Նիկոլ Փաշինյանը վարկաբեկել և ոչնչացրել է Վազգեն Սարգսյանի հիշատակը, մի մարդու, ով կռվել և հաղթել է Ադրբեջանին: Այսօր Հայաստանը կարծես չպետք է ունենա թուրքին հաղթած հերոսի կերպար:
Փաշինյանը չի կարող բացահայտ հանդես գալ Վազգեն Սարգսյանի գործի դեմ, վարկաբեկել նրա հիշատակը, դրա փոխարեն այդ գործը անում է Արամ Սարգսյանի միջոցով, նրան «օգտագործելով» որպես ամենասովորական «գործիք»: Արամ Սարգսյանն էլ սիրահոժար կատարում է այդ դեր՝ հասարակությանը ի ցույց դնելով իր ծառայամիտ, անսկզբունք կերպարը, որպես Վազգեն Սարգսյանի եղբայր: Սարգսյանը կարծես ինքն էլ դեմ չէ եղբոր հիշատակի վարկաբեմանը, քանի որ ողջ կյանքը ապրել է ոչ թե որպես Արամ Սարգսյան, այլ Վազգեն Սարգսյանի եղբայր:
Վերադառնալով Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» կոչվող կուսակցության մասնակցությանը, պետք է ասել, որ սա միակն է ընտրություններին մասնակցողների մեջ, որ չի կարող նույնիսկ ձևական ընդդիմադիր խաղալ: Այսինքն չի կարող քննադատել իշխանությունների կողմից իրականացվող ոչ միայն պետական, այլ նույնիսկ համայնքային կառավարումը: Հնարավոր է, որ Արտակ Զեյնալյանը ասի, որ իրենք ուզում են ավելի լավ մաքրել փողոցները, կամ օգնել Տիգրան Ավինյանին դա ավելի լավ անելու համար, բայց մարդկանց մոտ կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե «քաղաքական աղբը» ինչպես կարող է մեզ ազատել քաղաքային աղբից:
ArmLife.am