Search
Close this search box.

Ովքե՞ր են լինելու «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակի առաջին հնգյակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին քաղաքական ուժերն իրենց նախընտրական ցուցակներն են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Քաղաքական թիմերն արդեն սկսել են տեղեկատվություն տարածել իրենց ցուցակում ներգրավված մարդկանց մասին՝ այնուամենայնիվ ամբողջությամբ չբացահայտելով թիմը, պահելով ինտրիգը երևի թե վերջին օրվա համար։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին վաղուց է հայտարարել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Հիմա էլ նկատելի է՝ քաղաքական ուժն ակտիվորեն նախապատրաստվում է ընտրություններին։
Այս քաղաքական ուժի առաջնորդները հաճախ են իրենց հարցազրույցներում հայտարարել, որ իրենք մանրախնդրորեն են թիմը ձևավորում և կարևորում են պրոֆեսիոնալների ներգրավումը։
Կուսակցության 100-ից ավելի թեկնածուներից կազմված նախընտրական ցուցակն արդեն վերջնական տեսք է ստացել։

Մեզ հայտնի է դարձել, թե ովքեր են լինելու «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում առաջին հինգ համարները։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանից հետո ցուցակում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է, որը, ինչպես արդեն նախկինում հայտարարվել է, գլխավորում է ընտրություններում քաղաքական ուժի նախընտրական շտաբը։
Ցուցակում երրորդ համարը Դավիթ Մարգարյանն է, նա տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ է, «Տեղական ժողովրդավարական դպրոց» կրթական հիմնադրամի համահիմնադիր-տնօրենն է։

Կուսակցության 4-րդ համարը հայտնի գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանն է, որի գրքերը հայ ժամանակակից գրականության մեջ «բեսթսելլերներ» են։ 5-րդ համարը ճարտարապետության թեկնածու, միջազգային ճարտարապետական ակադեմիայի պրոֆեսոր Տելեմակ Անանյանն է, որի ճարտարապետական նախագծերը հաղթել են միջազգային մրցույթներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունը բավականին մանրախնդրորեն է վերաբերվել ցուցակում առաջադրվող թեկնածուների ընտրությանը։ Իրենց առջև խնդիր են դրել՝ իսկապես հանրությանը ներկայացնելու պրոֆեսիոնալների և հանրության ու իրենց շրջապատում դրական հեղինակություն ունեցող մարդկանց։ Կուսակցության 100-ից ավելի թեկնածուներից կազմված նախընտրական ցուցակն արդեն վերջնական տեսք է ստացել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL