Ռուսական Коммерсантъ պարբերականը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:
Ըստ պարբերականի՝ Մոսկվայում իրավիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։
«Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք ձեռնարկում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասել է Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի պետական կառույցները ներկայացնող զրուցակիցը, որը ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Միաժամանակ, նա նշել է, որ ԼՂՀ իշխանությունները նույնպես դիմադրում են:
Որպես օրինակ՝ նա բերել է Բաքվի՝ այլընտրանքային ճանապարհով՝ Ակնայի (Աղդամ) միջոցով Լեռնային Ղարաբաղ մատակարարումներ անելու առաջարկը, որը Ստեփանակերտը մերժել է։
Սակայն զրուցակիցը կարծում է, որ Ակնայով ճանապարհն ի վերջո կբացվի։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Լեռնային Ղարաբաղը։ Դրա էությունն այն էր, որ Ակնայով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումը։ Այդ ճանապարհի գործարկումից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, պետք է վերականգնվեր Լաչինի միջանցքով երթևեկությունը։
«Այս տարբերակը պատրաստության բարձր մակարդակում էր»,- ասել է Коммерсантъ-ի աղբյուրը:
Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամ անց, այլ անմիջապես: Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Ակնայով: Հետո տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը. ԼՂՀ իշխանությունները պահանջել են անհապաղ ազատ արձակել տղամարդուն։ Ի վերջո, կողմերը փոխզիջման չեն եկել: