Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թելեգրամյան որոշ ալիքներ, երկու օր շարունակ, տարածում են ապատեղեկատվություն այն մասին, իբր ադրբեջանի բանակը համար մեկի է բերված, ինչի պատճառով Հայաստանը տարհանում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին։
Վստահաբար ասում եմ, որ ոչ մի գյուղից, սարից, ձորից ո՛չ բնակչության, ո՛չ էլ ընտանի կենդանիների ու շարժական գույքի տարհանում չի եղել։
Շրջանառվող լուրերը կեղծ են և տարածվում են բնակչության շրջանում խուճապ տարածելու և հոգեպես ազգին ընկճելու նպատակով։
Այո, ադրբեջանական բանակում որոշակի տեղաշարժ նկատվում է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զգոն են ու ամբողջովին վերահսկում են թշնամու անգամ աննշան տեղաշարժը։
Ժողովո՛ւրդ, վերջապես դուրս նետեք ձեր միջից պարտվողի հոգեբանությունը։ Զինված ուժերն այս պահին մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան կային։
Ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է, բայց իմացեք՝ բանակը 24 ժամ եռում է, ու թշնամու ցանկացած սադրանք կստանա համարժեք պատասխան։
Խնդրում ենք, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և մի՛ տարածեք օտարի ծառաների օրական հորինված ստերը»: