Search
Close this search box.

Բաքվին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական շանսը զրոյացնելու քայլերից. Փաշինյան

Հայաստանն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում: Հայաստանն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել.

«2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքը ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների, այդ թվում՝ մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, այդ թվում՝ Կարմիր խաչի միջոցով: Հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական հանձնաժողովը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել և դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ:

Եթե մի պահ Ադրբեջանի այս գործելոակերպը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելափակելու չդիտարկենք ԼՂ հայության ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքսում, այսինքն՝ չկա բացատրություն, եթե այս հանգամանքը մի կողմ դնենք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտքի արգելքը առավել հավաստի են դարձնում ԼՂ հայերին ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները:

«Միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի՝ ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից: Կարծում եմ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը ապահովելու մասին»,- ընդգծեց նա:

Փաշինյանը հիշեցրեց Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին և նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել դատարանի որոշումը. «Միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը»:

Please enter a valid URL