«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած ՔՊ վարչության անդամ, որպես չեզոք պաշտոնյա, այժմ կազմակերպում է Երեւանի ավագանու ընտրությունները։
Տարօրինակ է, որ Հովակիմյանը հրավիրված ասուլիսում խոսում էր հայտարարագրերի թափանցիկ լինելու մասին, սակայն իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի եւ 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել:
Հավելենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստրի կողմից հաշվառված շինությունը, մեկ հողատարածքին ամրակայված անշարժ գույքը եւ հողամասը միանձնյա սեփականության իրավունքով է, իսկ մյուս հողամասը համատեղ սեփականությամբ։ Այսինքն, թե ում կողմից է նվիրատվությունը, անհայտ է։ Հովակիմյանը պատգամավորական մանդատ ստանալուց գրեթե 2 ամիս անց ձեռք է բերել նոր մեքենա՝ 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի։ Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել:
ԿԸՀ նախագահի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 6 հազար դոլար եւ 335 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։
Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 181 հազար դրամ, որից 6 մլն 142 հազարը Ազգային ժողովի աշխատակազմից է, իսկ 3 մլն 39 հազար դրամ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հովակիմյանը հանդիսանում է Հովակիմյաններ Ն.Մ. կազմակերպության 100% բաժնետեր։
Վահագն Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ըստ ամուսնու հայտարարագրի՝ անհատ ձեռներեց է, սակայն հայտարարագրում ոչ մի կետ նշված չէ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից եւ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ կնոջ ձեռնարկությունը զբաղվում է մշակութային գործունեությամբ. մասնավորապես՝ ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր կազմակերպման բնագավառում կատարվող գործունեությամբ։
Հովակիմյանն ունի երկու որդի, որոնց անունների առաջին տառերով էլ 2005 թվականին ստեղծել է կազմակերպությունը՝ «Հովակիմյաններ Ն.Մ.»։
Միսակ Հովակիմյանը Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում առաջին կարգի մասնագետ է։ Որդին հայտարարգրել է հոր մեքենան եւ 2 մլն 366 հազար դրամ հաշվետու տարվա եկամուտ, որը աշխատանքի վարձատրություն է նույն գրասենյակից։
Նարեկ Հովակիմյանը որպես ՀՄ 2-րդ կարգի ճարտարագետ, աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում, որը 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում 32-րդն է։ Որդին հայտարարագրել է 2 մլն դրամ որպես բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 264 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 6 մլն 753 հազար դրամ, որից 5 մլն 608 հազարը աշխատանքի վարձատրություն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ից։
Հովակիմյանի հետ համատեղ բնակվող մայրը՝ Խանում Հովհաննիսյաանը, հայտարարագրել 1 մլն 95 հազար դրամ բանկային ավանդներ եւ 610 հազար դրամ կենսաթոշակ։
Բացի Հովակիմյանից ընտանիքի անդամներից ոչ ոք հայտարարագրում չի նշել սեփական անշարժ գույք, այս դեպքում Հովակիմյանն ում հետ է համատեղ սեփականությամբ նվիրատվություն ստացել հողամասը, պարզ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: