Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ցուցակում երկրորդը կլինի ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, ով նաև ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը։
Նախընտրական ցուցակի առաջին կինը կլինի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։ Չորրորդը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանն է, 5-րդը՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Քաղաքապետի մյուս երեք տեղակալներից ցուցակում կլինի միայն Սուրեն Գրիգորյանը. Ստեփան Մաչյանն ու Գևորգ Սիմոնյանն ընդգրկված չեն նախընտրական ցանկում:
Նախընտրական ցուցակը կազմելիս որոշվել է «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամներին պահել ցուցակում, բայց փոքր-ինչ այլ հերթականությամբ։
Ցուցակում կլինեն «Իմ Քայլը» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Արմեն Սարգսյանը, Հայկ Միրզոյանը, Վազգեն Դարբինյանը, Լուսինե Գևորգյանը, Էդուարդ Ավետիսյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Հարությունյանը, Լևոն Զաքարյանը և ավագանու այլ գործող անդամներ։
Ցուցակում լինելու են նաև նոր անուններ. մասնավորապես, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, թիմին են միացել ջազմեն երաժիշտ Վահագն Հայրապետյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը։
Ընտրացուցակում կլինեն նաև կուսակցականներ տարածքային կառույցներից։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, առաջադրումներն արդեն սկսված են: