Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ռուսական պլանը՝ Երևանում, կամ քաղաքայինը՝ քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ընտրությունները որքան քաղաքային են, այնքան էլ քաղաքական են: Ու եթե մի փոքր հեռու գնանք, ապա կստացվի, որ ՌԴ և Արևմուտք բախում է լինելու ՀՀ մայրաքաղաքում: Մինչ այս իրենց մասնակցության մասին հայտարարած թեկնածու-ուժերից գոնե երկուսը ակնհայտ ունեն ռուսական ուղղվածություն: Նրանց լոկոմոտիվը թերևս կդառնա նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որն արդեն հայտարարեց մասնակցության մասին:

Իր պաշտոնավարման օրոք Մարությանն հիմնականում աշխատել է ռուսական կողմի հետ, գնել է ռուսական արտադրության տեխնիկա, «Կամազ»-ներ և «Գազել»-ներ, ինչպես նաև հաճախ գործուղման է մեկնել ՌԴ և հանդիպել դեսպանի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության հույսը, ինչպես միշտ, Արևմուտքն է:
Տիգրան Ավինյանն ավելի շատ արևմտամետ թեկնածու է կարծես, որը հիմնականում համագործակցության եզրեր է փնտրում եվրոպական քաղաքների հետ., վերջերս այցելել էր Վաշինգտոն, իսկ օրեր առաջ հանդիպել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Արևմտյան թևը ներկայացնում է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արտակ Զեյնալյանի դեմքով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր է հաղթում, և հենց վերջիններս էլ, կարծես թե, պատրաստ են իշխանության հետ կոալիցիա կազմել։

Այս ընտրությունները հետաքրքիր են այնքանով, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին: Նրանք դաշտն ազատեցին նախկին-ներկա բանավեճից: Ու եթե ռուսական փաստացի աջակցություն ունեցող ուժերը հաղթեն, Հայկ Մարությանը մայր Հայաստանը թերևս կդարձնի ապրելու երկիր:
Մոսկվան էլ թերևս կփորձի Փաշինյանին զրկել Երևանում իշխանությունից, ինչը կհեշտացնի Արցախի խնդրում որոշակի պրոցեսներ:
Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները, ժամանակը ցույց կտա, բայց դրանք արդեն հետաքրքիր են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL