Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում՝ օգոստոսի 9-ի դրությամբ հերթագրված 17000-ից ավելի երեխա սպասում է ընդունելության իր հերթին։ Տվյալներն արտացոլված են «Մանկապարտեզ կառավարման համակարգում», որը 2019թ․ գործարկել է Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ և հասանելի դարձնելու համար։ Համակարգը, որը հնարավորություն է տալիս օգտվողին ուղարկել առցանց դիմում, հետևել դիմումի կարգավիճակին և առցանց հերթագրված երեխայի հերթին, այսօր իսկական սթրես է դարձել նախադպրոցական տարիքի շատ երեխաների ծնողների համար։ NEWS.am-ին ահազանգած ծնողները, որոնք ժամանակին Երևանի տարբեր մանկապարտեզներում հերթագրել են իրենց երեխաներին (որոշներն անգամ երկուսուկես տարի առաջ), օգոստոսի սկզբին համակարգի միջոցով հանկարծ պարզել են, որ «վերջին պահին» ցուցակում են հայտնվել արտահերթություն ունեցող մի քանի տասնյակ երեխաներ, որոնք առաջ են անցել հերթում գտնվող մյուս երեխաներից։ Արդյունքում շատ երեխաներ՝ անգամ հերթում առաջին տասնյակում գտնվողները, այս տարի հնարավորություն չեն ունենա հաճախել մանկապարտեզ։ Երևանի բնակչուհի Շուշան Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր երեքուկես տարեկան տղան նույնպես առաջնահերթություն ունեցող երեխաների ընդունելության հոսքի պատճառով այս տարի չի ընդունվի մանկապարտեզ։
«Մեկ տարուց ավելի սպասել ենք մանկապարտեզի վերանորոգմանը, իսկ բացումից հետո գրեթե վստահ էի, որ տղայիս նույնպես կկանչեն, սակայն օնլայն համակարգով, երբ ստուգում էի, ամեն օր մի քանի արտահերթեր էին ավելանում ցուցակում, և երեխայիս հերթն ինձ համար անսպասելի նահանջեց մի քանի տասնյակ հորիզոնականով»,-ասաց մեր զրուցակիցը՝ դժգոհելով, որ տղայի՝ պետական մանկապարտեզ չհաճախելու հետևանքով ինքը չի կարող ժամանակին վերադառնալ աշխատանքի, քանի որ ստիպված է լինելու միաժամանակ երկու երեխայի համար մանկապարտեզի վարձ վճարել։
«Ես արտահերթություն ունեցող երեխաների դեմ որևէ բան չունեմ, սակայն պետք է այնպես կազմակերպել, որ դրա արդյունքում ժամանակին պատշաճ հերթագրված մյուս երեխաները չտուժեն», — ասաց Հարությունյանն՝ առաջարկելով քաղաքային իշխանություններին՝ արտահերթ ընդունվող երեխաների դեպքում որոշակի սահմանափակումներ սահմանել։
«Կարծում եմ, հնարավոր է գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի արտահերթություն ունեցող երեխաները նույնպես ժամանակին հերթագրում անցնեն, ոչ թե վերջին պահին փաստաթղթերը բերեն մանկապարտեզ և մյուսներին փաստի առաջ կանգնեցնեն, կամ, օրինակ, առաջնահերթություն ունեցող երեխաները, որոնք ժամանակին չեն հերթագրվել, փաստաթղթերը մանկապարտեզ ներկայացնեն կոնկրետ ժամկետում։ Հնարավոր է նաև ամեն խմբում, օրինակ ընդունել արտահերթություն ունեցող մինչև 10 երեխա, հակառակ դեպքում ստացվում է, որ սովորական ընթացակարգով հերթագրումը ձևական բնույթ է կրում, քանի որ արտահերթերը ցանկացած պարագայում ունեն առավելություն և մի ամբողջ խումբ կարող է ձևավորվել առաջնահերթության սկզբունքով»,-ասաց նա։
Մայրաքաղաքի մեկ այլ բնակչուհի՝ 29-ամյա Թագուհի Մելքոնյանը, ում կրտսեր որդին մսուրային խմբում հերթագրված 70-ից ավելի երեխաների թվում առաջինն է, NEWS.am-ին հայտնեց, որ դեռևս հուլիսին մանկապարտեզից զանգահարել և երեխայի «դիրքերն ամրապնդելու» համար, իրեն հորդորել են առաջնահերթության դիմում ներկայացնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեծ երեխան արդեն հաճախում է նույն մանկապարտեզ, ինչը հիմք է մյուս երեխայի արտահերթությունը հաստատելու համար։
«Թեև համակարգում տղաս առաջին համարն է, հերթում արդեն արտահերթություն ունեցող ևս 21 երեխաներ են գրանցված, մինչդեռ իմ տեղեկություններով՝ տվյալ մանկապարտեզում նախատեսվում է առայժմ մեկ մսուրային խումբ բացել։ Սա նշանակում է, որ եթե տղաս արտահերթություն չունենար, ամենայն հավանականությամբ նրան նույնպես չէին կանչի մանկապարտեզ»,-ասաց նա։
Խնդրի վերաբերյալ բազմաթիվ ծնողներ պարբերաբար մտահոգություն են հայտնում 28.000 անդամ ունեցող «Մանկապարտեզը և երեխաները» ֆեյսբուքյան խմբում։ Խմբի անդամներից մեկն, օրինակ նշել է, որ հույս չունի, որ հերթում 3-րդ հորիզոնականում գտնվող իր երեխան այս տարի կհաճախի մանկապարտեզ։
«Բալիկս 4.5 տարեկան է, սպասում ենք պետական պարտեզի այս տարվա հերթին, որում 3-րդ համարն է: Ըստ իմ պատկերացումների, եթե ընդունվելու է 30 հոգանոց խումբ, ապա բալիկս այդ 30 հոգու մեջ է մտնում: Զանգել եմ պարտեզ՝ տնօրենն ինձ ասաց, որ հստակ չի կարող ասել՝ կընդունվի սեպտեմբերից իմ երեխան, թե՝ ոչ: Հարցիս, թե այդ դեպքում ումի՞ց ճշտեմ, ասաց՝ չգիտեմ, գուցե ինչ-որ օրենք փոխվի ու իր հերթը չհասնի: Ու բոլոր հարցերիս կծկտուր պատասխաններ էր տալիս: Կօգնե՞ք հասկանալ՝ ու՞մ կարող եմ դիմել և սպասել, թե՞ երեխաս շարունակի մասնավոր պարտեզ հաճախել։ Մեղմ ասած, հույս չունեմ»,-գրել էր հուսահատված ծնողներից մեկը։
Մեր զրուցակիցները մեկ այլ ուշագրավ փաստ ևս նշեցին։ Բանն այն է, որ Երևան քաղաքում մշտապես կամ փաստացի հաշվառված երեխաներին կարող են հերթագրել մայրաքաղաքի ցանկացած մանկապարտեզում։ Այս դեպքում չի գործում ՝ տվյալ վարչական շրջանում գտնվող կամ բնակության վայրին մոտ գտնվող մանկապարտեզ ընտրելու սկզբունքը։ Այս հանգամանքը թույլ է տալիս շատ ծնողների՝ քաղաքի ցանկացած հատվածում ընտրել առավել հարմարավետ, վերանորոգված մանկապարտեզներ։ Օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանում բնակվողը կարող է իր երեխային գրանցել Շենգավիթ վարչական շրջանում տեղակայված մանկապարտեզում, ինչի արդյունքում արհեստական հերթեր առաջանան և տվյալ տարածքում բնակավող երեխաների համար մանկապարտեզ ընդունվելու գործընթացը տարիներով ձգձգվի։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրի մասին։
«Ես կիսում եմ ծնողների մտահոգությունը, պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում, երբ ինչ-որ անկանխատեսելի խնդիրներ են ի հայտ գալիս։ Կարեղ ենք արձանագրել, որ հերթագրման մեխանիզմը կատարյալ չէ։ Այժմ մտքերի գեներացման փուլում ենք, հավաքագրում ենք բոլոր ողջամիտ առաջարկներն ու դիտարկումները, որպեսզի համապատասխան առաջարկ ներկայացնենք ախարարությանը»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ մանկապարտեզի հերթերի արհեստական բեռնվածության հիմնական պատճառներից մեկն այն է, որ Երևանի 21 մանկապարտեզներ ներկայումս վերանորոգվում են։շ
Քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ հղում կատարելով այս տարվա հունիսի 21-ից ուժի մեջ մտած «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքին, նկատեց, որ նոր փոփոխություններով առաջնահերթություն ունեցողների ցանկից որոշ խմբեր հանվել են։ Նշենք, որ հիշյալ օրենքի համաձայն՝ առաջնահերթության իրավունքից ներկայումս օգտվում են 8 խումբ երեխաներ՝ այդ թվում՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները, երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները, զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը, երկկողմանի ծնողազուրկ երեխաները, ՀՀ ԶՈՒ զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, տվյալ ուսումնական հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատության աշխատակիցների երեխաները: