Երևանի քաղաքապետարանի բակում այսօր՝ փետրվարի 14-ին, շուրջ հարյուր ոստիկան և բազմաթիվ ոստիկանական մեքենաներ իրականացնում էին վերահսկողություն և ցուցաբերելով խտրական մոտեցում՝ արգելեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության մեքենայի կայանումը քաղաքապետարանի բակում, որտեղ մշտապես կայանել են ծառայողական մեքենաները: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Փորձեցինք պարզաբանում ստանալ, որին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ խմբակցության մեքենայի համարները դուրս են եկել «ցուցակից»: Ըստ մեր հավաքած տեղեկատվության, պարզվեց, որ նման հրամանի հեղինակը Տարոն Մարգարյանն է, ով այս պահին բացակայում է քաղաքից:
Երեկվա հարձակման հեղինակ Տարոն Մարգարյանը, ով հրահանգել էր, մեջբերում ենք նրա բառերը՝ «դեմը առեք, դեմը առեք, շուտ–շուտ», և ոհմակը հարձակվեց «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության անդամների վրա, բացի այդ ապօրինի հրամանից, արձակել է նաև երկու այլ ապօրինի հրամաններ՝ աղտոտել «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակը և արգելել «Երկիր Ծիրանիի» ծառայողական մեքենայի մուտքը ավտոկայանատեղի:
Մենք դատապարտում ենք՝ այն արատավոր իրողությունը, որ իրավապահ մարմիններն իրենց առաքելության իրականացման փոխարեն, աջակցում և հովանավորում են բռնության և այլ ապօրինություններ հրահանգող Տարոն Մարգարյանին: Տարոն Մարգարյանի հրահանգի՝ «դեմըառեք, դեմը առեք, շուտ–շուտ» հետևանքով ի ցույց դրվեց Հայաստանի Հանրապետությունում գործող բռնակալական համակարգի էությունը ևս մեկ անգամ:
Մենք պահանջում ենք՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից դադարեցնել հովանավորել Տարոն Մարգարյանին, անհապաղ հարուցել քրեական գործ և ներգրավել Տարոն Մարգարյանին որպես մեղադրյալ՝ ոչ միայն որպես բռնության և սեռական ոտնձգության հրահանգողի, այլ նաև՝ հանրային միջոցների յուրացման փաստով (Պաշտոնեական դիրքի չարաշահման և հանրային միջոցների յուրացման վերաբերյալ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հասցեագրված Հաղորդմանը հանցագործության մասին մինչ օրս ընթացք չի տրվել):