Search
Close this search box.

Մերժեցին

Վարչական դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը, որով նա պահանջում էր վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերականգնել իր լիազորությունները ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, այն ընտրովի պաշտոն է, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։

«Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում»,– գրված է որոշման պարզաբանման մեջ։
Նշվում է նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Հիշեցնենք` հուլիսի 11–ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Please enter a valid URL