67 կգ քաշային ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է չեմպիոն Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին»,– ասված է հաղորդագրությունում։
1/8-րդ եզրափակչում Հովհաննիսյանը հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին։
Ի դեպ, ըմբիշի նվաճած մեդալն առաջինն է Հայաստանի հավաքականի համար ԱՊՀ խաղերում։
Նշենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները երկու մեդալով։
ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ բռնցքամարտիկներ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներ, ձյուդոիստներ, կարատեիստներ, ատլետներ, լողորդներ, ծովափնյա վոլեյբոլիստներ, սամբոիստներ, նետաձիգներ, հրաձիգներ, խոտի հոկեյիստներ, մարմնամարզիկներ և վոլեյբոլիստներ։