Search
Close this search box.

«Ադրբեջանի ուժերը սպառվում են». Նաիրի Հոխիկյանը դիմում է արցախցիներին

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Մեզանում հաճախակի է շրջանառվում խոսակցությունը, թե պետք է ամեն կերպ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը, ու եթե Ադրբեջանը չբացի ճանապարհը, ապա պետք է հանել բոլոր 120.000 մարդկանց։

Սա ամենավտանգավոր ու կործանարար միտքն է, որը ոչ միայն անվերադարձ կփակի Արցախի հարցը, այլև թշնամու առաջ կբացի Հայաստանից ևս տարածքներ պոկելու դռներ։

Պատմության մեջ հաջողության հասել են լոկ այն ազգերը, որոնք դիմանալով տարբեր տեսակի դժվարությունների’ շրջափակում, սով, պատերազմ, կարողացել են ապահովել իրենց ապրելու իրավունքը իրենց պատմական հողի վրա։ Օրվա հացի ձեռքբերման դժվարությունների պատճառով Հայրենիքը լքող ազգերը դատապարտված են հավերժ լինել փախստականի կարգավիճակում։

Ես գիտեմ, որ Արցախցիների առնվազն 95 տոկոսը համառ կանգնած է Արցախում, չի մտածում լքելու մասին, բայց խիստ վտանգավոր է Արցախի նախագահի կողմից անընդհատ հայտարարել, թե աշխարհը մեզ երաշխիքներ տվեց վերադառնալու համար, թող հիմա էլ տեր լինեն այդ երաշխիքներին։ Ստացվում է, կարծես մենք չէինք ուզում ապրել մեր հողում, Պուտինն ու մյուսները համոզեցին վերադառնալ։ Ու քանի որ մեզ համոզել հետ են բերել Արցախ, թող տեր կանգնեն։ Կներեք, բայց հիմար միտք է։ Շատ վտանգավոր միտք։

Ոչ ոք պարտավոր չէ մեզնից շատ սիրել մեր հողը և ոչ ոք պարտավոր չէ պայքարել մեր հողի համար հանուն մեզ։ Այդ մենք, հենց մենք պիտի ամուր կառչենք մեր հողին’ դիմանալով աղետին ու բացառելով դուրս գալու ցանկացած խոսք։

Այ, հենց դրա համար եմ ես պայքարում Արցախ տեղափոխվելու համար, քանի որ հասկանում եմ՝ տեղում պայքարն է, որ փրկելու է Արցախը, մնացած ամեն ինչ լավ ցանկություն է։

Ադրբեջանի ուժերը սպառվում են։ Դա երևում է նրա ներքին ու արտաքին քայլերից։ Ինչպես 2020-ի նոյեմբերին էին սպառվել Ադրբեջանի ուժերը, ու եթե մենք մի շաբաթ դիմանայինք, պատերազմի ընթացքը մեր օգտին էր թեքվելու, այնպես էլ հիմա։ Կարևոր է չտրվել խուճապի քարոզին ու չսկսել համարատած փախուստ։ Հենց դա են ուզում Ադրբեջանը և նրա հովանավորները, դա է ուզում նաև Նիկոլը, որպեսզի թեկուզ հումանիտար աղետի անվան տակ մեկընդմիշտ փակեն Արցախի հարցը։

Հասկանում եմ, որ շատ մարդիկ հիմա կասեն՝ հեռվից հեշտ է խոսել։ Բայց գոնե ես ունեմ խոսելու իրավունք, քանի որ նախ «հեռվում չեմ», հետո չեմ մանրամասնի, թե կոնկրետ ինչեր եմ անում գաղափարակից ընկերների հետ Արցախի պահպանության համար։

Սիրելի Արցախցիներ, հիշեք մեկ ճշմարտություն։ Եթե դուք համատարած դուրս գաք Արցախից, այլևս չեք կարողանա վերադառնալ երբեք։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը կդառնա ադրբեջանական բուլդոզերների վայր, իսկ Գանձասարն ու Ամարասը մզկիթի կվերածվեն Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի կամ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցիների նման։

Մի տրվեք խուճապային քարոզին ու հիշեք, որ դուք կռո եք։ Որոշ ժամանակ հետո հաղթանակած կհիշեք այսօրվա տառապանքը»:

Please enter a valid URL