Տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալող «Ալաշկերտ»-ի կազմը համալրվեց ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով: Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել 25-ամյա ձախ եզրային պաշտպան Ալան Պիրեսի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիսանում է «Ալաշկերտ»-ի գործընկեր-ակումբ «Բոտաֆոգո»-ի սան, իսկ վերջին երկու մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել բելգիական «Տյուբիզ»-ի կազմում: Ալան Պիրեսն արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին:
Հիշեցնենք, որ օրերս «Ալաշկերտ»-ը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ: 20-ամյա կիսապաշտպանն «Ալաշկերտ»-ի մյուս գործընկեր-ակումբ «Ֆլումինենսե»-ի սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիո»-ի երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում: